поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ գիտխորհրդի նիստը մեկնարկեց քվորումի առկայության պայմաններում՝ անդամների  առկա և հեռակա մասնակցությամբ: Օրակարգը, որոշակի փոփոխություններով, հաստատվեց միաձայն:

ՎՊՀ առցանց դասավանդման գործընթացի վերաբերյալ դասախոսների կարծիքի ուսումնասիրության արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ ՎՊՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մ. Շահվերդյանը: Առցանց ուսուցման կազմակերպման և իրականացման հարցերից խոսելով՝ Մ. Շահվերդյանն առանձնացրեց առցանց ուսուցման գործիքակազմին տիրապետման, հետադարձ կապի առկայության և մի շարք այլ խնդիրներ: Հարցման ամենաակտիվ դասախոսների տարիքային շեմը 41-ից 50-ն է: Ֆոկուս խմբի միջոցով վերհանված խնդիրներն ամփոփելով՝ զեկուցողը ներկայացրեց մի շարք առաջարկներ: Առցանց ուսուցման կազմակերպման մարտահրավերը, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի բնորոշմամբ, համալսարանն ընդունել և հաղթահարել է շատ արագ ու համակարգված: Թեմային առնչվող մի շարք հարցերից ու դիտարկումներից հետո վերլուծությունն ընդունվեց ի գիտություն:

Օրակարգի 2-րդ հարցը մագիստրատուրայի՝ քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա մասնագիտությունների (մանկավարժի որակավորմամբ) ուսումնական պլանների նախագծերի քննարկումն ու հաստատումն էր: ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը նկատեց, որ կրթական ծրագրերի վերաբերյալ ֆակուլտետային խորհուրդները ներկայացրել են իրենց մասնագիտական եզրակացությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն առաջարկեց հաստատել ուսումնական պլանները: Հարցը միաձայն քվեարկությամբ ընդունվեց:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2020/2021 ուստարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների վարձավճարների հարցը հաստատվեց միաձայն: Գործող վարձավճարները պահպանվել են:

ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական աշխատանքի ծավալի հաշվարկի օրինակելի չափորոշիչների հարցը ևս քննարկումից հետո հաստատվեց միաձայն քվեարկությամբ: Ժամաքանակների բաշխման  ժամանակացույցները տրամադրվել են բոլոր ամբիոններին:  

Ընթացիկ հարցերում միաձայն քվեարկությամբ հաստատվեցին 2019-23 ուստարվա ասպիրանտուրայի (հեռակա ուսուցմամբ) ուսանող Հենրի Մատինյանի ուսումնահետազոտական անհատական պլանը և ՎՊՀ հայցորդների ատենախոսության թեմաները:

Ընթացիկ հարցերում ավելացված հարցը ՎՊՀ հենակետային վարժարանի իրավաբանական հասցեի փոփոխությունն էր (Տիգրան Մեծի 36-ից՝ Գր. Լուսավորչի 47), որը ևս հաստատվեց միաձայն:

Back to top