поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ հայոց լեզվի ամբիոնի՝ հունիսի 12-ի նիստին մասնակցում էին ամբիոնի 12 անդամներ: Օրակարգում ՎՊՀ ասպիրանտ Սիլվա Մուրադյանի «Ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը» թեմայով ատենախոսության նախապաշտպանության հարցն էր:
Ս. Մուրադյանը ներկայացրեց հետազոտման առարկան, հիմնավորեց թեմայի արդիականությունը, խոսեց այն սկզբունքներից ու մեթոդներից, որոնց կիրառությամբ ուսումնասիրված է նյութը: Ատենախոսության նախապաշտպանության ընթացքում պարզաբանվեցին հետազոտության նպատակն ու խնդիրների առաջադրումը, որոնց լուծումը բերված է համապատասխան գլուխներում։
Աշխատանքի վերաբերյալ արդեն կա գիտական 9 հոդված, որոնցից մեկը արտերկրում է տպագրվել:
Դավիթ Գյուլզատյանը կարծիք հայտնեց, որ աշխատանքը կարելի է գրքի վերածել: Տարիների տքնաջան աշխատանք է կատարված, որում երևում է նաև ղեկավարի հոգատարությունը:
ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Սանթոյանի խոսքով ամբողջության մեջ գրեթե անթերի աշխատանք է արվել:
Գիտական աշխատանքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Գ. Խաչատրյանը նշեց, որ առաջադիր խնդիրները կատարված են, ատենախոսը իր առջև ծառացած խնդիրները համապատասխան գլուխներով և դասակարգումներով ներկայացրել է: Ատենախոսությունը պաշտպանության արժանի աշխատանք է:
Բ.գ.դ., պրոֆեսոր Թ. Շահվերդյանը, ողջունելով երիտասարդ գիտնականի մուտքը, նշեց, որ շատ գոհ է ներկայացված աշխատանքից: Քերականական բոլոր մակարդակներում նա իր թեման լիովին սպառել է:
Բ.գ.թ., դոցենտ Հ. Հարությունյանը նշեց, որ ինքը տեղյակ է, թե ինչպես է սկսվել աշխատանքը: Ս. Մուրադյանը կարողացել է հաղթահարել այն պատնեշը, որը կոչվում է բազային ոչ մասնագիտական կրթություն:
Միաձայն կողմ քվեարկությամբ առաջարկվեց Սիլվա Մուրադյանի՝ «Ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը» թեմայով ատենախոսությունը երաշխավորել պաշտպանության:

Back to top