поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանի նախագահությամբ գիտխորհրդի առաջին նիստը մեկնարկեց քվորումի առկայության պայմաններում: Նախ ռեկտորը հետաքրքրվեց գիտխորհրդին ներկայացված առաջարկներով, այնուհետև ընթացիկ հարցերի մեջ ավելացվեցին աշխատակազմից ստացված երկու դիմումներ: Կատարված փոփոխություններով օրակարգը հաստատվեց:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գիտխորհրդի անդամների մեծամասնությունը նիստին ներկայությունն ապահովել էր առցանց ռեժիմով:

Օրակարգի առաջին հարցով ‹‹Գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության ‹‹ՀՀ ԿԳՄՍՆԳԿ –ՀՀՌՀ-2020›› միջազգային մրցույթին›› երկու նախագծերի մասնակցության հայտերի վերաբերյալ մասնագիտական կարծիքներ հնչեցին: Գիտխորհրդի մեծամասնության կողմ քվեարկությամբ հաստատվեցին միջազգային մրցույթի մասնակցության երկու հայտերը:   

Ժամաքանակի հատկացման չափորոշիչների բարելավման խնդիրները ներկայացրեց ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը: Թվային տվյալների համադրմամբ պրոռեկտորը խոսեց առկա և սպասվող խնդիրներից՝ նկատելով, որ Ռ. Սահակյանի առաջարկությամբ լսարանային ժամաքանակի մեջ ներառվել են կուրսային աշխատանքը, պրակտիկան, նախաքննական խորհրդատվությունը, ստուգարքը: Ներկայացված չափորոշիչների բարելավման հարցն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ:

Կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ առաջարկությունները գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց ռեկտոր Ռ. Սահակյանը: Պատասխանելով նախապես ստացված հարցերին` ռեկտորը հիմնավորումներ ներկայացրեց՝ պարզաբանելով, որ սխեմայում տեղ գտած բացթողումներն իր ուշադրության կենտրոնում են: Ամբիոնների միավորման մասին ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ ռեկտորը վկայակոչեց ՀՀ-ում ընդունված մասնագիտությունների դասիչները, որոնց համաձայն՝ բաժանումները հստակ արդարացված և համապատասխանեցված են ըստ ոլորտների: Դիմելով խորհրդի անդամներին՝ ռեկտորը խնդրեց տեսնել միայն բուհի շահը և անձնավորումներ չփնտրել:

Հիմք ընդունելով ՎՊՀ կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը, որով սահմանվում է գիտխորհրդի իրավասությունների շրջանակը, գիտխորհուրդը ռեկտորի ներկայացմամբ ՎՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու  վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն: Նախագիծը քննարկելուց հետո առաջարկվեց այն ներկայացնել «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միաձայն քվեարկությամբ հարցը հաստատվեց:

Նիստի օրակարգի հաջորդ հարցի՝ որակի համակարգի (ապահովում, կառավարում, գնահատում) գնահատման գործիքակազմի վերանայման և բարելավման  խնդիրների մասին խոսեց ՈԱԿ ղեկավար Մ. Շահվերդյանը:

«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»   հիմնադրամի   մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության  կարգը, «Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»   հիմնադրամի վարչական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական պաշտոնների ընտրության և նշանակման կարգի կասեցման հարցը ևս հաստատվեցին գիտխորհրդի կողմից:

ՎՊՀ աշխատակիցներ Վ. Եղիազարյանից և Հ. Մելքոնյանից ստացված գրությունների բովանդակությանը ծանոթացնելուց հետո Ռ. Սահակյանն առաջարկեց հանձնաժողովային քննարկումների ճանապարհը:

 

Լիանա Պեչենևսկայա

Back to top