поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Բանաստեղծությո՜ւն,

Դու իմ դստրիկն ես,
Որի թաթիկը երազել եմ ես
Ջերմացնել մի օր,
Ու կարևոր չէ`
Ոսկեծամի՞կ ես,
Թե՞ սևախոպոպ:
Բանաստեղծությո՜ւն,
Ի՞նչը քեզ բերեց.
Արագի՞լը, թե՞
Արտասո՜ւքս ծով։

 

Բանաստեղծուհի Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ հետ զրուցեցինք բանաստեղծության արարման պահին մարմնից փախչելու, ««ձևած, կտրած-կարած միտքը» բառին հագցնելու» և նրա փերիական այլ հմտությունների շուրջ

 

Գրքերը մտածելու, երազելու ցանկություն են առաջացնում: Գրքեր կան, որոնք ավարտելուց հետո երկար ժամանակ մնում ես դյութված կամ փորձում ես հասկանալ այն միտքը, որ գիրքը փակելուց հետո մնացել է մեջդ ու հանգիստ չի տալիս, բացատրություն է պահանջում: Կա՞ն գրքեր, որոնք կարդալուց հետո այսպիսի զգացողություն եք ունեցել: 

 

– Ընթերցելուց հետո գիրքը դառնում է իմ ես-ի ենթաեսը. որքան շատանում են գրքերը (ենթաեսերը), այնքան ես-ը ծավալվում, խորանում է։ Երբևէ իմ բացած գրքերը այլևս չեն փակվում. ամենասկզբում նրանք առվակների պես հոսում էին դեպի ինձ, իսկ հիմա վաղուց արդեն վտակներ են. ով գիտի գուցե մի օր էլ գետեր դառնան` թափվելու իրենց իսկ ստեղծած «բաց ծովը»... որ ես եմ։ 

 

Բանաստեղծությունների երկու ժողովածուի հեղինակ եք Նախանվագներ», «Խաչելություն»): Գիրք կարդա՞լն է դժվար, թե՞ գիրք գրելը: 

 

 – «Նախանվագները» որպես առաջին գիրք, որպես երախայրիք՝ մի կողմ թողնենք, իսկ այ «Խաչելություն» վերնագիրը պիտի որ պատասխանած լինի Ձեր հարցին... 

 

Բառի ընտրությունը խիստ կարևոր է գրողի համար: Գրողը վերաիմաստավորում է բառերը, նոր բառեր հորինում, բառերի վրա դնում իր ինքնության կնիքը: Բառի որոնումը նկարագրելիս Լևոն Խեչոյանը պատկերավոր համեմատություն է անում. «Զորավոր բառի որոնումը նման է ձկան, նաև նման է կատվի մուկ որսալուն: Պատկերացրու՝ տասնյակ անգամ ետուառաջ է արել, սխալվել, խաբուսիկ ճանապարհների վրա մոլորվել, բնազդով նորից գտել, հասել է մկան բնին, թաթը բարձրացրած սպասում է՝ երբ է դուրս գալու: Բնազդն է կանգնեցրել, կարող է օրերով ու շաբաթներով մի թաթը վերև քաշած, պատրաստ հարվածի՝ սպասել որսին՝ միակ բառին»: Դուք ինչպե՞ս եք գտնում «զորավոր» բառը: 

 

– Արձակագիրը բառը գտնելու համար գուցե մուկ ու կատու է «խաղում», բայց պոետի համար «խաղի կանոնները» փոխվում են։ Ցվետաևան ասում է` «Моя жалоба – о невозможности стать телом»: Բանաստեղծուհին իրեն ոգի է զգում միայն՝ պսիխեա։ Երանի իրեն։ Իսկ ես կասեի` իմ բողոքն այն է, որ ես ոգի եմ ու փորձում եմ մարմին... չդառնալ։ Երբ ոգի ես, բառն է քեզ գտնում, ոչ թե` դու նրան։ Իսկ ինչպե՞ս եմ փորձում չդառնալ մարմին, արդյո՞ք ինձնից է կախված. իհարկե` ոչ։ Մի օրինակ բերեմ. ափսեներ լվանալիս մեկ էլ «որդիան որդի» մի բանաստեղծություն եմ մտմտում. հիմա ես այդ պահին ոգի՞ եմ, թե՞ մարմին: Կասեք` ոգի, իսկ ես կասեմ` մարմին եմ, որովհետև… որովհետև ափսե եմ լվանում, որովհետև գործողություն կատարողը ես եմ, որովհետև այստեղ` երկրի վրա, բանական գործողություն կատարողը մարդն է, հետևաբար բառն էլ պիտի ինքս գտնեմ։ Թերևս ամենադիպուկը դարձյալ Ցվետաևան է ասում՝ ««Поэт в любви». Нет, ты будь поэтом в помойке»: 

 

Պատահական չէր անդրադարձը բառի որոնմանը. «Խաչելություն» ժողովածուի բանաստեղծական շարքերից մեկը վերնագրված է «Հեռացող բառեր»: Ժողովածուի բանաստեղծություններից շատերում հիշատակվում է բառ բառը: Բանաստեղծություններից մեկում ուշագրավ պատկեր կա.

Տիրամոր պես ծնկի իջա բառիս առջև

Խաչել էին միամորիս ոսկեգանգուր

Ի՞նչ է բառը Ձեզ համար: 

 

– Բառն ինձ համար վաղուց ով է. հետևաբար` ո՞վ է բառը ինձ համար։ Բառը նա է, ում ամեն առավոտ բարևում եմ, ում հետ ամեն օր խոսում, կիսվում, վիճում, լռում եմ, ումից ամաչում եմ, երբ, օրինակ, «ձևած, կտրած-կարածս» միտքը հագովը չէ... Թեև հաճախ նրա անթերի մերկությունը ոչ մի «հագուստի» կարիք էլ չի ունենում... 

 

– Գրական ազդեցություններն անխուսափելի են հատկապես ստեղծագործական կյանքի սկզբին: Ազդեցությունները չհաղթահարելու դեպքում գրողը հայտնվում է նմանակողի դերում: Ձեր կարծիքով ինչպե՞ս է տեղի ունենում բանաստեղծի հասունացումը: Ինչպե՞ս հաղթահարել ազդեցություններն ու ստեղծել սեփական ոճը: 

 

– Բանաստեղծի հասունացումը տեղի է ունենում իբրև շարունակություն իր ներսի մարդու հասունացման, նրա տառապանքի։ Տառապանքը տաղանդի հումքն է. Իսահակյանի տառապանքից ու տաղանդի շաղախից է արարվել «Մի մրահոն աղջիկ տեսա» չքնաղ բանաստեղծությունը։ Որքան խտանում (հասունանում) է տառապանքը, այնքան բյուրեղանում է տաղանդը։ Տառապանքը մարդն է, տաղանդը` բանաստեղծը, և մարդը մահից հետո է միայն տեղի տալիս բանաստեղծին, իսկակա՛ն բանաստեղծին։ 

 

– Ի՞նչ է սովորեցնում Ձեր պոեզիան: 

 

– Պոեզիան չի կարող սովորեցնել։ Ընթերցողն արդեն «սովորած» է մոտենում պոեզիային, որը միայն կանչել է կարող։ 

 

Բանաստեղծություն գրելիս պատահե՞լ է, որ անդրադառնաք Ձեր «բանաստեղծության տեսությանը»: 

 

– Բանաստեղծություն գրելիս, եթե անգամ առանց վրիպելու վրաս կրակեն, չեմ մեռնի, ուր մնաց գրելուն զուգահեռ ինչ-որ բանով զբաղվեմ։ 

 

Հայ և համաշխարհային գրականության մեջ հայտնի կին գրողները (Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ,  Զապել Եսայան, Ժորժ Սանդ, Վիրջինիա Վուլֆ, Ջեյն Օսթին, Շարլոտե Բրոնտե, Էմիլի Բրոնտե...) իրենց երկերում հիմնականում արծարծում են կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, կնոջ՝ հասարակության մեջ ունեցած տեղի ու դերի խնդիրները: Ժամանակակից կին գրողները մեր հասարակական կյանքում առկա ի՞նչ խնդիրների են անդրադառնում, ո՞ր թեմաներն են առանցքային նրանց ստեղծագործություններում: 

 

– Ինձ համար գրողը կամ բանաստեղծը սեռային պատկանելությամբ չի բնորոշվում․ կարևորը գիրն է։ 

 

– 20-րդ դարի 70-ական թվականներին ձևավորված ֆեմինիստական քննադատության հիմնախնդիրներից էր կանացի գրի յուրահատկության հիմնավորումը: Կանացի գիրը դիտարկվում էր իբրև տղամարդկայինից տարբերվող, և նրան բնորոշ էին աֆեկտիվ ոճը, յուրահատուկ բառապաշարը, տոնայնությունը և այլն: Ի՞նչ կարծիքի եք կանացի գրի վերաբերյալ. արդյո՞ք կնոջ գիրն ունի յուրահատկություններ: 

 

– Կինը միայն կյանքում կարող է յուրահատուկ լինել և «տարբերվել»։ Գրականությունը հայելի է, բայց ոչ կախարդական. նա կյանքի այն հայելին է, որի ներսից են նայում, և նայողը գրողն է, իսկ վերջինիս արտացոլանքը՝ իր ընթերցողը: Ցավոք, վերջին ժամանակներում գրողը հաճախ դատարկությանն է նայում։

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top