поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2020 թվականի՝ գիտխորհրդի առաջին նիստը մեկնարկեց  29  անդամի ներկայությամբ: Օրակարգի առաջին հարցով քննարկվեց ու հաստատվեց 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը:

Դասախոսական կազմի ներուժի զարգացման արդյունավետության վերլուծությամբ զեկուցմամբ հանդես եկավ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մ. Շահվերդյանը: ՈԱԿ կողմից 2019-2020 թթ. կազմակերպվել   և իրականացվել են  մի շարք հանդիպումներ, քննարկումներ, կարծիքների փոխանակում ՎՊՀ  5 ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:  Քննարկումների արդյունքում վերհանվել են դասախոսական կազմի ներուժի զարգացման վրա ազդող գործոնները՝ դասակարգվելով ըստ ազդեցության արդյունավետության: Ուսումնասիրության համար առանձնացվել է հարցերի 3 խումբ՝ միտված վերհանելու յուրաքանչյուր ֆակուլտետի կարծիքը:

Դասախոսական կազմի ներուժի զարգացման առավել արդյունավետ տարբերակի վերաբերյալ ֆակւոլտետների դիտարկումները խիստ տարաբնույթ են, քանի որ հարցը ընդհանրական է: Եթե բանասիրական և մանկավարժության ֆակուլտետներում ամենաարդյունավետ տարբերակը ուսումնական ծանրաբեռնվածության նվազեցումն է, ապա ֆիզիկամաթեմատիկական և կենսաբանաքիմիական ֆակուլտետներում՝ ինքնակրթությունը: Սա ենթադրում է, որ դասախոսական ներուժի զարգացման տարբերակները շատ են, մեկը մյուսից կարևոր:

Կատարված մշտադիտարկումը ուսումնասիրելու և խնդիրները ի հայտ բերելու նպատակով  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանն առաջարկեց ֆակուլտետներում ստեղծել հանձնաժողովներ:

Օրակարգի հաջորդ հարցը ներքին ու արտաքին շահակիցների մոտիվացիայի բարձրացման մեխանիզմների բարելավման ուղիներն էին: Զեկուցումներ ներկայացրին բանասիրական և կենսաբանաքիմիական ֆակուլտետների դեկանները:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը նկատեց, որ ֆակուլտետի գործունեությունն առանց շահակիցների հետ համագործակցության պատկերացնել հնարավոր չէ: Դա անհրաժեշտ է անելիքները ճշտելու, ծրագրերն ավելի իրատեսական, իսկ աշխատանքները՝ արդյունավետ  դարձնելու առումով: Ֆակուլտետում գործում է որակի ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են դասախոսներ յուրաքանչյուր ամբիոնից՝ ըստ թողարկվող մասնագիտությունների, ինչպես նաև ուսանողության չորս ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պարբերաբար գումարում է նիստեր, որոնցում քննարկվում են դասավանդման և ուսումնառության որակի բարձրացման ու բարելավման խնդիրներ, անելիքներ, ֆակուլտետի գիտական խորհրդում ներկայացվում են հաշվետվություններ, առաջարկություններ, որոնք միտված են ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման բարելավմանը և որակի բարձրացմանը:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի առաքելությունը, նպատակները և խնդիրները ներկայացրեց ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը: Այստեղ ևս ներքին և արտաքին շահակիցների կարիքները պարբերաբար վերանայվում են շահակիցների ու աշխատաշուկայի շարունակաբար փոփոխվող պահանջներին համապատասխան: Ֆակուլտետի կրթական ծրագրերի մշակման, հաստատման, մշտադիտարկման և պարբերաբար վերանայման գործընթացներում ներգրավված են բոլոր շահակիցների ներկայացուցիչները: Ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ԿԾ հանձնախմբերում ընդգրկված են գործատուներ, ուսանողներ՝ բակալավրի առկա և հեռակա ուսուցման համակարգից, ինչպես նաև մագիստրատուրայից:

Օրակարգի  հարցով  քննարկվեցին և հաստատվեցին բալային-վարկանիշային համակարգով   ուսանողների գիտելիքների  ստուգման, գնահատման ու հաշվառման կանոնակարգը և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի գործավարության կարգը:

Գիտխորհրդի կողմից միաձայն հավանության արժանացավ 2 ուսանողի Սերգեյ Ղազարյանի անվան կրթաթոշակ տրամադրելու հարցը:

Նիստի ավարտին եղան ընթացիկ հարցեր: ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը ներկայացրեց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ֆ. Մովսիսյանի դիմումը Հենրի Մատինյանի ատենախոսության թեման հաստատելու մասին:

2-րդ հարցով Ա. Սանթոյանն առաջարկեց ժամանակավորապես կասեցնել գիտահետազոտական աշխատանքների համար տրվող խրախուսման կարգը՝ այն վերանայելու և նոր կարգ մշակելու նպատակով: Երկու հարցերն էլ գիտական խորհրդի կողմից  հաստատվեցին, ստեղծվեց հանձնաժողով նոր կարգ վերամշակելու նպատակով:

 

Սեփ. լրատվություն

Back to top