поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ գիտխորհրդի 2019 թվականի վերջին նիստը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը սկսեց՝ շնորհավորելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած 4 ուսանողներին:

Նիստին գիտխորհրդի 39 անդամներից մասնակցում  էին 37-ը: Օրակարգը հաստատվեց որոշակի փոփոխություններով:

 Առաջին հարցը համալսարանում առկա թափուր պաշտոնների ընտրություններն էին: Մրցութային հանձնաժողովի նախագահ  Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց ընտրության կարգը, թեկնածուների ներկայացրած տվյալները և հարցման արդյունքները: Բոլոր թեկնածուների փաստաթղթերը համապատասխանում էին առաջադրվող պահանջներին, ուստի խորհուրդը միաձայն որոշեց թեկնածությունները դնել փակ,  գաղտնի  քվեարկության:

Օրակարգի հաջորդ հարցը՝ ուսանողների կարիքների վերհանման մշտադիտարկում,  արդյունքների ներկայացում՝ ըստ ֆակուլտետների, ներկայացրեց ՈԱԿ ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը: Առաջարկվեց ձեռնարկել քայլեր  դասավանդման և ուսուցման մեթոդների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել հետադարձ կապի մեխանիզմները ուսանողների հետ:

«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի 2020 թ. տարեկան  ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ զեկուցեց ՎՊՀ գլխավոր հաշվապահի պաշտոնակատար Ղուկաս Ղուկասյանը: Առաջարկվեց 2020 թ. տարեկան  ծախսերի նախահաշվի նախագծին հավանություն տալ և ներկայացնել համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Համալսարանում հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ հաղորդում տվեց բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը: Արեն Սանթոյանը ներկայացրեց նաև գիտական դրամաշնորհային թեմաները՝ «Արևելյան քրիստոնեական քաղաքակրթության լեզվական ժառանգությունը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հոգևոր և նյութական մշակույթում» և «Ռուսական հատկանվանական շերտը հայ  լեզվամշակութային ժառանգության մեջ», որոնք էլ առաջարկվեց երաշխավորել և հաստատել:

Օրակարգի հաջորդ հարցը՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորատի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին, ներկայացրեց ՎՊՀ իրավաբան Քրիստինե Ղազարյանը: Առաջարկվեց կատարել հետևյալ փոփոխությունները՝ տիտղոսաթերթում  «ՊՈԱԿ»  հապավումը  փոխարինել «ՀԻՄՆԱԴՐԱՄ»  բառով, Կանոնակարգի III գլխի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ռեկտորատի կազմի մեջ ի պաշտոնե մտնում  են ռեկտորը, պրոռեկտորները, գլխավոր հաշվապահը, ուսումնամեթոդական վարչության պետը, տնտեսական մասի վարիչը, դեկանները, արհեստակցական միության նախագահը» և «գիտքարտուղար»  բառը փոխարինել «քարտուղար»  բառով:

Նիստն ամփոփվեց ընտրությունների արդյունքների հրապարակմամբ: Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվեցին:

 Ս. Թումանյանը գալիք տոների կապակցությամբ  շնորհավորեց  բոլորին՝  մաղթելով բարեկեցություն և գիտական նոր ձեռքբերումներ:

 

Սեփ. լրատվություն

Back to top