поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստին ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի գլխավոր հաշվապահի պաշտոնակատարին: Օրակարգում ընդգրկված 5 հարցերով օրակարգը հաստատվեց:

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մ. Շահվերդյանի հաղորդումը կրթության որակի գնահատման գործընթացներում արտաքին և ներքին շահակիցների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ էր: Զեկուցողը նկատեց, որ արտաքին շահակիցների ակտիվությանը զուգահեռ պետք է բարձրացնել նաև արդյունավետությունը: Պետք է գործեն արտաքին ու ներքին շահակիցների խրախուսման մեխանիզմներ: Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ աշխատակազմի վերապատրաստման դրվածքի բարելավման խնդիրների մասին խոսեց ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Ասյա Հարությունյանը:  2012 թվականից մշակվել և գործողության մեջ է դրվել «Կրեդիտային համակարգով ՎՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման գիտակրթական  ծրագիրը», որը միտված է եղել ՎՊՀ դասախոսական կազմի ներուժի զարգացմանը՝ ապահովելով մանկավարժական-հոգեբանական և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործումը: Համալսարանի աշխատակիցների վերապատրաստման աշխատանքները կազմակերպվում են շարունակական կրթության կենտրոնի կողմից՝ հնգամյա շրջափուլով:

2019-20 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վերաբերյալ հաղորդում տվեց ընդունելության պատասխանատու քարտուղար Սամվել Աղաջանյանը: Այս տարի ՎՊՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ է դիմել 407 հոգի:  Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է 188-ով: 2019-20 ուստարվա  մագիստրատուրայի ընդունելության համար դիմել է 91 հոգի, որոնցից ընդունվել են 82-ը: ՎՊՀ հեռակա ուսուցման համակարգ է  դիմել 137 հոգի:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր: Օրակարգում էր ռուսաց լեզվի  ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Ժ. Հակոբյանի «Высказывание в контексте» մենագրությունը տպագրության երաշխավորելու հարցը: Քվեարկության ժամանակ Ս. Թումանյանը ձեռնպահ մնաց:

«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի վարչական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական պաշտոնների ընտրության և նշանակման կարգի մասին զեկուցմամբ հանդես եկավ համալսարանի իրավաբան Ք. Ղազարյանը: Կարգը հաստատվեց միաձայն:

 

Սեփ. լրատվություն

Back to top