поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Իմ զրուցակիցը ՎՊՀ պատմության ամբիոնի հայցորդ Քրիստինե ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է: Վերջերս նրա անբաժան ուղեկիցներն էին դարձել «Հայ ազգագրություն և բանահյուսություն», «Ազգագրական հանդես» մատենաշարերը. ուսումնասիրում էր հայկական հարսանեկան ծիսակարգը, որի մասին խոստացել էր զրուցել: 

 

— Քրիստինե´, գրքերի «անեզր տիեզերքում» գտե՞լ ես քո գիրքը:

 

Շատ գրքեր եմ գտել, բայց դրանցից կառանձնացնեմ Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժը» Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը», Ա. էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Հայ դասականներից հոգեհարազատ են Րաֆֆու, Ս. Խանզադյանի, Ա. Շիրվանզադեի ստեղծագործությունները:

 

Վերջերս «Ազգագրական հանդես» մատենաշարն էիր ուսումնասիրում, և քեզ գրավել էին հարսանեկան ծեսերի նկարագրությունները:

 

— Այո, վերջին շրջանում հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ «Հայ ազգագրություն և բանահյուսություն», «Ազգագրական հանդես» մատենաշարերը, Ռ. Նահապետյանի «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը», Ե. Լալայանի, Խ. Սամուելյանի երկերը: Հայ ազգագրությանն ու հարսանեկան ծեսերին առաջին անգամ ծանոթացել եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն ընթերցելիս:

 

— Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է հարսանեկան հատուկ ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ: Որո՞նք են դրանք:                      

 

— Հարսանեկան ծեսերն ու հանդիսությունները Հայաստանի բոլոր շրջաններում բաժանվում էին երեք հիմնական փուլերի.

  1. խնամախոսություն, որի մեջ մտնում էին աղջիկտեսը, ուզնկանությունը, խոսքկապը կամ խոսքառնումը,
  2. նշանադրություն, որ ներառում էր նշանդրեքը, հաց կտրելը, կեսպսակը, խալան կամ հղե կտրելը, հարսնատեսը և փեսատեսը,
  3. բուն հարսանիք, որ բաղկացած էր բուն հարսանեկան արարողակարգից (հարսի հետևից գնալ, հարսնառ, խրախճանք- հանդես) պսակից և առագաստից:

Այս փուլերից յուրաքանչյուրն ուղեկցվում էր բազմաթիվ ու բազմաբնույթ ծեսերով ու սովորույթներով:

 

 — Որոշ տարածաշրջաններ ունեին նաև իրենց հատուկ ծիսակարգերը: Կնշե՞ս մի քանիսը: 

 

— Չնայած ազգագրական շրջաններում հարսանեկան ծիսաշարը հիմնականում նույնն էր, սակայն առանձին վայրերում գոյություն ունեին միայն տվյալ տարածաշրջանին հատուկ ծեսեր և արարողություններ: Օրինակ` Աղձնիքում տարածված սովորույթներից մեկը հետևյալն էր՝ փեսան հարսնացուի վրա խնձոր էր նետում նրան հնազանդ դարձնելու և արգասավորությամբ օժտելու համար: Սասունում փեսայի տան շեմին հարսին նուռ էին տալիս, որ դռան շեմի քարին խփելով՝ մասերի բաժաներ: Դրա խորհուրդը մի կողմից հարսին արգասավորությամբ օժտելն էր, մյուս կողմից՝ նոր տան պահապան հոգիների բարեհաճությանն արժանանալը: Զանգեզուրում,  երբ հարսին ձիուց իջեցնում էին, տալիս էին չօգտագործված կավե սափոր՝ լի չոր մրգերով: Այդ   սափորը նա պետք է ջարդեր՝ գետնին խփելով: 

 

— Ինչպե՞ս էին հարսնացու ընտրում:

 

 — Ավանդապաշտ հայկական ընտանիքներում խստորեն պահպանվում էր երեխաների սեռատարիքային բաժանումը, ուստի մեծ դժվարություն էր աղջիկ տեսնելն ու հավանելը: Աղջիկ տեսնելու համար լավ հնարավորություններ էին հարևանական կապերը, խաղերը, դաշտային աշխատանքը, ուխտագնացությունը և այլն: Տղաները աղջիկ կարող էին հավանել հարսանիքների ժամանակ: Աղջկա ընտրությունը հաճախ կատարվում էր միջնորդների օգնությամբ: Նրանց միջոցով երիտասարդ տղաներն ու աղջիկները փոխանակում էին սիրո նշան` թաշկինակ, խնձոր, նուռ, շաքար,  մատանի և այլն: Երիտասարդների ընտրության մասին ծնողներին հայտնում էին միջնորդները: Տղան իր հավանած աղջկա մասին մորը հայտնում էր որևէ ազգականի կամ հարևանի միջոցով: Ընտրության ժամանակ խստորեն հետևում էին զույգերի ազգակցությանը` մերձամուսնությունը բացառելու, առողջ սերունդ ունենալու և ժառանգաբար փոխանցվող հիվանդությունները կանխելու նպատակով:

 

— Քրիստինե´,  անդրադառնանք  հարսանեկան ծեսին՝ ըստ փուլերի հաջորդականության: Խնամխոսություն. «Էկել եմ քո օջախից մի բուռ հող տանելու»…

 

Խնամախոսությունը բաղկացած էր մի քանի փուլից` աղջիկտես, ուզնկանություն և խոսքկապ: Աղջիկտեսի նպատակն էր, մի կողմից, տեսնել ու հավանել ապագա հարսնացուին, մյուս կողմից` իմանալ աղջկա մոր, մերձավորների կարծիքն ու վերաբերմունքը: Աղջկա մայրը լավ գիտեր, որ սովորաբար աղջիկտեսի էին գնում երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ուստի նրանց տունը այդ օրերին  սովորականից ավելի մաքուր ու կոկիկ էր լինում: Աղջիկտեսի գնում էին երեկոյան՝ ուշ ժամի, որ այցելությունը համայնքում աննկատ լիներ, և եթե մերժվեին, այդ մասին ոչ ոք, բացի իրենցից, չիմանար, քանի որ անպատվություն էր համարվում մերժված տղային աղջիկ տալը: Աղջիկտեսի առաջին նշանը դռան հանդարտ ու հաճախակի թակոցն էր: Եթե տան դուռը փոքրերից մեկն էր բացում, նշանակում էր` հյուրերն անցանկալի են, իսկ եթե դուռը բացում էր մեծերից մեկը, բարեհաճորեն ընդունում էին նրանց, հրավիրում ներս, որից հետո մայրը կանչում էր աղջկան: Աղջիկը գլուխը կախ, խոնարհաբար բարևում էր եկվորներին: Աղջիկտեսի եկած կանանցից ավագն այդ ընթացքում ուշադիր զննում էր աղջկա դեմքը, քայլվածքը, երբեմն բացում էր  բերանը, ստուգում ատամները և հարցեր տալիս ձայնը ստուգելու նպատակով: Եթե աղջկան հավանում էին, նրա ափի մեջ կարմիր խնձոր կամ նուռ էին դնում, իսկ չհավանելու դեպքում ասում էին. «Լավ աղջիկ է, թող աստված տիրոջը բաշխե»:

 

Ուզնկանություն և խոսքկապ. «Թե իմ  աղջիկը գայլ է, թող քո շեմքը մուտք գործելիս գառ դառնա… »:

 

— Աղջիկտեսին հաջորդում էր ուզնկանությունը, ապա խոսքկապը, որի ժամանակ փեսայի գերդաստանի տարեց ու հեղինակավոր անդամները քավորի ու քահանայի ուղեկցությամբ գնում էին աղջկա հոր տուն՝ խնամխոսության: Խնամխոսները  աղջկա հորը դիմում էին «փայտը մեզնից, կրակը ձեզնից», «եկել ենք մի լաչակ խնդրելու» կամ նմանատիպ այլ արտահայտություններով, ապա խնդրում ներկայացնել հարսնացուին: Համաձայն լինելու դեպքում անգամ աղջկա ընտանիքը հնարավորինս խուսափողական պատասխաններ էր տալիս, քանի որ հապճեպ դրական պատասխան տալը անպատվաբեր էր թե´ աղջկա, թե´ նրա ընտանիքի անդամների համար: Վերջնական համաձայնություն ստանալուց հետո «բանակցություններն» ավարտվում էին աղջկան որևէ նվեր` խոսքկապ տալով: Դրանով խնամախոսության փուլը ավարտված էր համարվում, և  խնամիները պայմանավորվում էին նշանադրության համար: 

 

— Եթե խնամխոսությունը հաջող ելք չէր ունենում, փեսացուն շատ հաճախ փախցնում էր հարսնացուին: Հետո՞…

 

 — Աղջկա ծնողների կողմից մերժում ստանալով` տղան հաճախ առևանգում էր սիրած կամ հավանած աղջկան: Հատկապես լեռնային ավանդապահ շրջաններում առևանգումը հանգեցնում էր երկու տոհմերի միջև թշնամանքի: Առևանգողներն ապաստանում էին լեռներում, մինչև գյուղի ազդեցիկ անդամների միջնորդությամբ կողմերի միջև հաշտություն չհաստատվեր: Հաշտությունը համեմատաբար հեշտ էր լինում, եթե աղջիկը և տղան սիրում էին միմյանց, և փախուստը փոխադարձ համաձայնությամբ էր կայացել: Իր կամքով տղայի հետ փախած աղջկան համարում էին անամոթ, «երեսի փարդեն պատռված»: Եթե աղջկան փախցնում էին նրա կամքին հակառակ, ապա ամեն ինչ կարող էր ավարտվել արյունահեղությամբ կամ դրամական փոխհատուցմամբ: Երբեմն առևանգված աղջկա դիմաց առևանգողի տոհմը նրա քրոջը կամ որևէ ազգականուհու կնության էր տալիս աղջկա եղբորը կամ ազգական տղաներից մեկին: Առևանգված և ետ վերադարձած աղջիկը համայնքնում հարգանք չէր վայելում, ուստի ստիպված ամուսնանում էր առևանգողի հետ: 

 

 — Նշանադրությունից մինչև հարսանիք նշանավոր տոներին փեսայի հարազատները հարսի հարազատներին նվերներ՝ «խոնչաներ» էին ուղարկում և փոխադարձաբար նվերներ ստանում:  Բուն հարսանիքին նախորդում են  բոյչափեքի, շորձևեքի, ազպանստման, հինադրեքի, տաշտադրեքի և այլ ծեսեր: Ի՞նչ ծեսեր էին սրանք և ինչպե՞ս էին կատարվում: Սկսենք  բոյչափեքից

 

— Հարսանեկան զգեստը  փեսայի կողմն էր կարում: Հարսանիքի նախորդ օրը տղայի տանն էին հավաքվում բարեկամ կանայք: Նրանցից մեկ-երկուսը, որոնք լավ դերձակներ էին, թաշկինակի մեջ չոր մրգեր լցրած՝ գնում էին հարսնացուի տուն՝ բոյչափեքի կամ խլղաթի: Իրենց հետ բերածը տալիս էին հարսնացուին, նրա չափերը կանաչ ու կարմիր թելերով վերցնում ու վերադառնում: Տղայի տանը մի սպիտակ սավան էին փռում սենյակի հատակին և վրան քաղցրեղեն շաղ տալիս: Հետո բերում էին զգեստի կտորը, որը հիմնականում լինում էր մահուդից կամ մետաքսից, և փեսայի մայրը ներկաներին հրավիրում էր «շորձևեքի»՝ հարսնազգեստը ձևելու: Կանայք հերթով մոտենում էին, մկրատի ծայրով մի քիչ կտրում զգեստի կտորը՝ բարեմաղթելով «աստված շնորհավոր անի», «ուրախ մաշի», որից հետո ձևող կինը մկրատը դնում էր կտորին և ասում՝ «մկրատը չի կտրում»: Փեսացուի մորից նվեր ստանալուց հետո կտրում, ձևում էր և բաժանում բարեկամ կանանց՝ կարելու: Նույն օրը նաև փեսացուի հարսանեկան շորերն էին կարում: Հանդեսի վերջում շաղ տված քաղցրեղենը բաժանվում էր հյուրերին: 

 

Ազպանստում…

 

— Ազապբաշու (մակարապետի) ընտրության կամ ազպանստման ծեսը տարբեր վայրերում տարբեր կերպ էր կատարվում: Քավորի բերած սկուտեղի զույգ կերոններից մեկը քահանան կապում էր մի թրի, «աճուրդի» հանում՝ առաջարկելով փեսացուի ազապ ընկերներին վիճարկել ազապբաշի դառնալու իրավունքը: Այդ պատվին արժանանում էր նա, ով ավելի մեծ գումար էր առաջարկում: Հաղթողը համբուրում էր քահանայի աջը և վերցնում թուրն ու մոմը՝ դառնալով փեսացուի անբաժան ուղեկիցը:

Ազապբաշու ընտրության մեկ այլ տարբերակի համաձայն՝ փեսացուի ընկերների շապիկները հավաքում էին փեսայի տանը՝ լվանալու: Սա  կոչվում էր «ազապլվացք» և նշանակում էր, որ շապկատեր երիտասարդները հրավիրվում էին դառնալու ազապներ: Թոնրատանը կատարվող մակարանիստի ժամանակ ներկաներից ընտրում էին ճարպիկ ու հնարամիտ մեկին, և աճուրդի էր հանվում այն գավազանը, որի «գնորդը» դառնում էր ազապբաշի: Ի նշան հպատակության՝ բոլոր մակարները համբուրում էին այդ գավազանը: 

 

Հինադրեք

 

Հինադրեքի ծեսը կատարվում էր ուրբաթ օրը: Երբ աղվեսը հայտնում էր հարսանքավորների գալստյան մասին, քավորկինը նվագի ուղեկցությամբ մի քանի հարսների ու աղջիկների հետ տանում էր սկուտեղ, որի վրա դրված էին հարսի զգեստները, ընդեղեն, քաղցրավենիք, խնձոր, նուռ, գինով շաղախված հինա և մոմեր: Տանում էին նաև մի խոյ՝ ճակատը և մեջքը հինայով ներկած, վիզը և եղջյուրները կարմիր ու կանաչ թելերով զարդարված: Հինան բերողներին հարսի տան երիտասարդ հարսերն ու աղջիկները դիմավորում էին պարով, նրանց նվերներ տալիս, մի-մի գդալ մեղր հյուրասիրում: Եկվորները հարսնացուին լողացնում էին, մազերը հյուսում, ցողում վարդաջրով: Դրանից հետո հարսի, երիտասարդ աղջիկների, կանանց ձեռքերն ու ոտքի մատները հինա էին դնում: Հինա դնելու խորհուրդը մի կողմից չամուսնացած աղջիկներին ևս թագ ու պսակի արժանացնելն էր, սեր, առողջություն, բախտավորություն շնորհելը, մյուս կողմից՝ չարքերին շփոթեցնելն  ու  նրանց ուշադրությունը նորահարսից շեղելը: Ավելացած հինան վերադարձնում էին փեսայի տուն, որ նրանց տան  աղջիկներին էլ հինայեն:

 

Տաշտադրեք…

 

— Ուրբաթ օրը հայտնի էր տաշտադրեք, տաշտադրոնք կամ հաց ու խմորի օր անուններով: Այդ օրը տղայի ծնողներին օգնելու նպատակով բարեկամներն ու հարևանները նրա տուն էին բերում զանազան մթերք՝ ալյուր, յուղ, պանիր և այլն: Թոնրատանը դրվում էին մեծ տաշտեր բերված մթերքը տեղավորելու նպատակով, այստեղից էլ տաշտադրեք անվանումը, որը կորցրել է իր նախկին նշանակությունը և պահպանվել որպես հաց թխելու արարողության անվանում: Ուրբաթ օրը տանտիրուհու հրավերով և համայնքում համբավ ունեցող հացթուխի գլխավորությամբ հրավիրյալ կանայք ու աղջիկներն սկսում էին ալյուր մաղելու արարողությունը: Ալյուրի տաշտի վրա մոմեր էին վառում, որ հարսը լույսի պես պայծառ լինի, մաղում էին լուռ, որ հարսը խոնարհ ու չխոսկան լինի: Առաջինն ալյուր մաղում էր բազմազավակ, ամուսնու կամ որդու մահ չտեսած կինը, որ հարսը նրա նման բեղմնավոր լինի և դժբախտություն չտեսնի:

 

 — Հարսանիքը տարվա ո՞ր եղանակին էին անում:

 

 — Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հարսանիք անում էին դաշտային աշխատանքների ավարտից հետո՝ աշնանը՝ հոկտեմբերից մինչև Մեծ պասն ընկած ժամանակահատվածը, երբ նախիրն արդեն իջել էր արոտավայրերից, և մառաններն ու ամբարները լի էին բերք ու բարիքով: Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիքներ տեղի չէին ունենում՝ չհաշված այրիների ամուսնությունը և առևանգման դեպքերը: Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տյառնընդառաջին՝ չնայած եկեղեցին նման արգելք չէր սահմանել: Հարսանիքը տևում էր  յոթ կամ երեք օր: Բուն հարսանիքն անում էին երեք օր՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: 

 

 — Հարսանեկան զգեստը ինչպիսի՞ն պետք է լիներ:

 

 — Հարսի զգեստը կարվում էր թանկարժեք մահուդից կամ մետաքսից: Հարսին հագցնելուց հետո գլխին մինչև ծնկները հասնող մետաքսե քող էին գցում, վրայից քավորկինն ամրացնում էր թագը, որը հյուսված էր բազմերանգ ժապավեններից: Յոթ ասեղ էր ամրացնում քողի վրա, որ այն չսահի և «չար աչքից» հեռու պահի: Հարսի գոտին կապում էր քավորը:

 

 — Ըստ հայկական մի ավանդազրույցի՝ ռազմի աստված Վահագնի և սիրո աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայրը՝ Արամազդը, լավաշ է գցում հարսի ուսին: Փեսայի տուն գնալու ճանապարհին լավաշն ընկնում է Աստղիկի ուսից: Հայր Արամազդը բարկանում է ու ասում, որ լավաշը գետնին գցողը չի կարող կին ու մայր լինել: Այդ օրվանից հարսանիքի ժամանակ հարսները դանդաղ են քայլում, որ լավաշը  չընկնի ու չաժանանան Աստղիկի բախտին: «Շեմի ծեսերից» հարսի ուսին լավաշ գցելը ի՞նչ խորհուրդ ունի:

 

 — Հարսին ու փեսային դիմավորող սկեսուրը՝ աջ ձեռքում շերեփ, իսկ ձախում՝ մի կտոր հաց կամ շաքար, մոտենում էր այն ձիուն, որին հարսն էր նստած: Հացը կամ շաքարը դնում էր ձիու բերանին, շերեփով թեթև խփում կենդանու ճակատին, ապա շերեփը հանձնում էր հարսին՝ ասելով «դռներդ միշտ բաց լինի, ամբարներդ լի հաց լինի»: Համբուրում էր նորապսակներին, մի-մի գդալ մեղր հյուրասիրում և նրանց  ուսերին լավաշներ գցում: Լավաշը պտղաբերության խորհուրդ ուներ, ուստի հարսի և փեսայի ուսերին լավաշ գցելով՝ նորաստեղծ ընտանիքին հաջողություն ու արգասավորություն էին ցանկանում: Ըստ մեկ այլ տեսակետի՝  հարսի ուսին լավաշ գցելը նշանակում է, որ նա հացառատ ու շեն կդարձնի ամուսնու տունը: Նույն խորհուրդն ուներ նաև որոշ վայրերում հարսի գլխին ցորեն լցնելու սովորույթը: Եթե սկեսուրն այրի էր, նրա փոխարեն այս ծեսը կատարում էր ազգական կանանցից մեկը, որ ամուսնու կամ որդու կորուստ չէր տեսել:

 

 — Ո՞վ էր աղվես-բանբերը և ի՞նչ դեր ուներ:

 

 — Հարսի ընտանիքին հարսանքավորների գալստյան լուրը հայտնում էր աղվես կոչվող բանբերը: Աղվեսը փեսացուի տնից դուրս էր գալիս գաղտնի, քանի որ նրա առաքելությունը պետք է գաղտնի մնար: Նա պիտի բոլոր փորձությունները հաղթահարեր, անվնաս հասներ հարսի տուն, հայտներ հարսնառի թափորի գալստյան լուրը և տանտիրոջից նվեր ստանար: Հարսի գյուղի երիտասարդները հարսանիքի օրը՝ վաղ առավոտից, գյուղի շրջակայքում պահակ էին նշանակում, որպեսզի աղվեսին բռնեն, «մի լավ դաս տան, ծեծեն, խայտառակ անեն»,  ուստի աղվեսը պետք է կերպարանափոխվեր, հնարամիտ ու ճարպիկ լիներ: Նա երբեմն հագնում էր գայլի, աղվեսի կամ արջի մորթի հետքերը վերացնելու նպատակով և պոչից ավել էր կապում կամ էլ հագնում էր պառավ կնոջ հագուստ, ձևանում չարչի, մուրացկան, կույր աշուղ, հովիվ: Եթե հարսի կողմի երիտասարդները նրան տեսնում էին, ծաղրուծանակի էին  ենթարկում, վրան ձու, թթված թան կամ մոխիր լցնում, իսկ եթե աղվեսին հաջողվում էր կատարել իր առաքելությունը, փրկում էր իր գյուղի երիտասարդների պատիվը: Նա հարսի տուն հասնելուն պես ձին հանձնում էր իրեն դիմավորողներին (եթե ձիավոր էր), ապա ճիպոտ հեծած՝ յոթ անգամ պտույտ էր կատարում հարսի տան շուրջը: Հարսնառի գալու մասին տեղյակ պահելով՝ աղվեսը հավ ու գաթա էր ստանում տանտիկնոջից: 

 

 — Ի՞նչ է հարսանյաց ծառը: 

 

— Ազգագրական գրեթե բոլոր շրջաններում տարածված էր հարսանյաց կամ կենաց ծառ (ուռք, նուռձ, ուրց, փեսածառ) ստեղծելու և այն զարդարելու սովորույթը: Հարսանյաց ծառը խաչաձև փայտ էր՝ զարդարված գույնզգույն թելերով, չրի, չամիչի, ընկույզի միջուկի շարաններով, նռներով, կարմիր խնձորներով, կարմիր ու կանաչ ներկած ձվերով: Այն կրում էր ազապներից մեկը և պսակի գնալիս հարս ու փեսայի առջևից տանում էր  մինչև եկեղեցի: Պատանիները փորձում էին խլել ծառի վրայի մրգերը: Հարսանիքի ավարտին փեսայի թագը վերցնելու արարողությունն ուղեկցվում էր ուռքի բարիքները ներկաներին բաժանելով: Ագուլիսում և նրա շրջակայքում թագավորի ծառը զարդարելու ժամանակ առաջինը մոտենում էր քավորակինը և նվիրում մի խնձոր` վրան ամրացված գույնզգույն թելերով զարդարված փոքրիկ խաչ: Քավորկնոջ նվիրած խնձորը երբեմն գնահատվում էր մի ամբողջ կարողություն:

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top