поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 16-ին ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները՝ պատմության ամբիոնի դասախոսներ Բենիկ Վարդանյանի, Զոյա Չատինյանի և Քրիստինե Գասպարյանի ուղեկցությամբ, հնագիտություն և ազգագրություն առարկաների շրջանակում ճանաչողական այց կատարեցին Մեծամորի պատմահնագիտական թանգարան-արգելոց, Սարդարապատի հուշահամալիր և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:

Մեծամորում ուսանողները ծանոթացան թանգարանում պահվող բրոնզի և երկաթի դարերի հնագիտական ցուցանմուշներին՝ խեցեղեն, զենքեր,  զարդեր, կնիքներ, կահ-կարասի, պերճանքի առարկաներ և այլն: Նրանց ներկայացվեց հնագույն ժամանակներում Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ունեցած թաղման կարգը՝ հնավայրում հայտնաբերված ուշ բրոնզի դարի թաղման օրինակով: Ուսանողները ծանոթացան Մեծամորի պղնձաձուլարանին, ջրաբաշխական հնագույն համակարգին, աստղադիտարանին, ուսումնասիրեցին կենցաղային և պաշտամունքային նշանակության կառույցները՝ տաճարական համալիրը, պալատական շինությունները, հասարակական շենքերը, կիկլոպյան ամրոցի մնացորդները, դամբարանները:

Սարդարապատի ազգագրության թանգարանում ուսանողները ծանոթացան Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված վիշապ-քարակոթողներին, հնագիտական գտածոներին, երկրագործական, անասնապահական և արհեստագործական նյութերին, աշխատանքային գործիքներին և զենքերին, կենցաղի պարագաներին, կահ-կարասուն, ազգային կերակրատեսակներին, հայկական տարազին, գորգագործության և կարպետագործության նմուշներին, ազգային տոներին, այնուհետ՝ մայիսյան հերոսամարտերին և ժամանակակից արվեստին նվիրված ցուցադրություններին:

Բովանդակալից և ուսուցողական այցն ավարտվեց Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրում:

 

ՎՊՀ պատմության ամբիոն

Back to top