поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գիտելիքի օրը ավանդաբար ՎՊՀ բակում համախմբում է ուսանողական և դասախոսական կազմին և համալսարան ընդունված առաջին կուրսեցիներին: Այս տարին ևս բացառություն չէր: Տոնական օրը շնորհավորանքի խոսքով  ուսանողներին ողջունեց ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը՝ մաղթելով ակտիվ ուսումնական տարի:

Միջոցառման գեղարվեստական մասն ապահովում էր ՎՊՀ մշակույթի կենտրոնին կից գործող  «Ադելաս» պարային համույթը, ինչին հաջորդեց երդման հանդիսավոր արարողությունը. պատմաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության ամենաբարձր միավորներով անվճար համակարգ ընդունված Տաթևիկ Սարգսյանին գիտության բանալին հանձնեց համալսարանի մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Լիլիթ Ղուլինյանը:

Միջոցառումը շարունակվեց բացազատված տաղավարների մոտ՝ այս տարի առաջին անգամ կազմակերպված «Գիտելիքի տոնավաճառում». յուրաքանչյուր տաղավարի մոտ մասնագիտական կողմնորոշման հետևից եկած դպրոցականները փորձում էին հասկանալ առկա մասնագիտությունների առանձնահատկությունները:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողները իրենց մասնագիտական տաղավարում կազմակերպել էին խաղ-մրցույթներ, ավանդական հարսանեկան ծես, երգ ու պար: Կենսաբանաքիմիական ֆակուլտետի տաղավարներում ակտիվ փորձեր էին ընթանում. լաբորատորիա՝ բաց երկնքի տակ, որտեղ դպրոցականները ականատես եղան հետաքրքիր և յուրահատուկ մասնագիտական փորձարկումների: Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի տաղավարում ևս փորձեր էին ընթանում. ՎՊՀ հյուրընկալվածներին մասնագետները տալիս էին էլեկտրական շղթաներ հավաքելու հմտություններ: Պատմաշխարհագրական ֆակուլտետի տաղավարում պահպանվել էր ավանդական գյուղական կոլորիտն ու մշակույթը, իսկ հակառակ կողմում ապագա իրավագետները հնարավորություն էին ստեղծել ներկա լինելու բուռն դատավարության: Մանկավարժության ֆակուլտետի ուսանողները հոգեբանական խորհրդատվության ու հետաքրքիր թեստերի միջոցով էին գրավել հյուրերին: Ապագա երաժիշտներն ապահովում էին երաժշտական ուղեկցությունը, իսկ նկարիչները դիմանկար ունենալ ցանկացող հյուրերին էին «անմահացնում»: Համալսարանի մուտքից հյուրերին ուղեկցելու գործն իրենց վրա էին վերցրել «Սերվիս» մասնագիտության ուսանողները. սա լավագույն աշխատանքային փորձն էր մասնագիտական հմտությունները զարգացնելու տեսանկյունից:

Շարունակական կրթության կենտրոնը ևս անմասն չէր մնացել տոնական օրից. կենտրոնի աշխատակիցները հետաքրքրված հյուրերին ներկայացնում էին իրենց գործառույթներն ու ծրագրերը:

Գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ  էլ թումանյանական տրամադրությունն էր տիրում. հյուրերին «դիմավորում» և «ճանապարհում»  էին Քաջ Նազարը, Շունն ու Կատուն, «Բարեկենդանի» հայտնի ամուսինները և այլ սիրված հերոսներ:

Տարին ՎՊՀ-ի համար հոբելյանական է. այս տարի տոնում ենք բուհի 50-ամյա հոբելյանը. հետաքրքիրն առջևում է:

                                                                                                          Սեփ. լրատվություն

Back to top