поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վարչական աշխատակազմի շարժունության խթանման նպատակով ՎՊՀ  օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսիկ Վարդանյանը եղել է Պորտուգալիայում: Պորտուի համալսարանի արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետում հունիսի 3-ից  7-ը  անցկացվել է սեմինար, որի ընթացքում խոսվել է բուհերում միջազգայնացման խթանման ուղիների մասին: Դասընթացին մասնակցել են աշխատակիցներ Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի տարբեր համալսարաններից:

Դասընթացի առաջին օր մասնակիցները կիսվել են միջազգայնացման իրենց փորձով: Գործուղման օրերին Լ. Վարդանյանը մասնակցել է միջմշակութային հաղորդակցության թեմայով սեմինարի, որը նախատեսում է իրականացնել ՎՊՀ-ում:

Աշխատանքային 5 օրերի ընթացքում ՎՊՀ աշխատակիցը կարողացել է կապեր հաստատել Ուզբեկստանի  և Վրաստանի բուհերի ներկայացուցիչների հետ. վերջիններս հանդես են եկել համագործակցության առաջարկով: Լ. Վարդանյանը հանդիպում է ունեցել արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի 5 պրոֆեսորների հետ, որոնցից մեկի հետ առաջիկայում պատրաստվում է գրել հոդված գործաբանության թեմայով: Պրոֆեսորներից մեկն էլ ցանկություն է հայտնել համագործակցել  պատմության ամբիոնի դոցենտ Մարիա Բրուտյանի հետ: Այս ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ:

Ինչպես նշում է Լ. Վարդանյանը, ՎՊՀ-ն արտերկրում ճանաչում ունի. Պորտուգալիայում սովորող մեր ուսանողներից բոլորը գոհ են: Դրական արձագանք է եղել նաև միջազգայնացման գծով տարվող աշխատանքների վերաբերյալ. օտար լեզուների ամբիոնի վարիչի փոխանցմամբ՝ մասնակիցներին զարմացրել է այն, որ ՎՊՀ-ում յուրաքանչյուր ամբիոն ունի միջազգայնացման գծով պատասխանատու:

Գործուղման օրերին մասնակիցները հասցրել են որոշ չափով տիրապետել պորտուգալերենին, ինչն  օգնել է շփմանը:

Ամփոփելով  Պորտուի համալսարանում անցկացրած աշխատանքային օրերը՝ Լ. Վարդանյանը փաստեց, որ միջազգայնացման ուղղությամբ բուհում տարվող աշխատանքները արտերկրում գնահատվում են  բարձր:

                                                                                                                                    Սեփ. լրատվություն

Back to top