поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը վերադարձել է Գերմանիայի Ֆրիդրիխի և Ալեքսանդրի անվան Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանից: Դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում Մ. Բրուտյանը դասախոսել է համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների համար:

Ըստ նախապես մշակված ծրագրի՝ դասախոսությունը վերաբերել է վաղ քրիստոնեական շրջանի Հայաստանի պատմությանը՝ ընդգրկելով 4-8-րդ դարերը: Ուսանողների շարքերում են եղել վերապատրաստում անցնող դասախոսներ, պատմաբաններ:

Մ. Բրուտյանը նկատում է, որ ուսանողների ոգևորությունը պայմանավորված էր իրենց նախընտրած թեմայով և այն հանգամանքով, որ դասախոսը թեման մատուցել է առանց ընթերցելու: Արտասահմանցի ուսանողներին ոգևորել է նաև այն, որ դասախոսության ընթացքում կիրառվել են տեխնոլոգիական նոր մեթոդներ:  Ուսանողներին հետաքրքրել են  հայկական հեթանոսական կրոնը, հայոց այբուբենը, պատմական մշակութային արժեքները, ճարտարապետական կոթողները:

Մ. Բրուտյանը շեշտեց, որ օտար լեզվով 90 րոպե անընդմեջ դասախոսելը  մասնագետին տալիս է վստահություն: Դասընթացի միապաղաղությունը բացառելու նպատակով ուսանողներին բաժանվել են հայկական պատմամշակութային արժեքների պատկերներով խճանկարներ, որոնք հաջողությամբ հավաքելուց հետո ուսանողները  պատմել են դրանց մասին իմացածը:

ՎՊՀ-ի շուրջ հետաքրքրություն կա ոչ միայն ուսանողների, այլև գերմանացի դասախոսների շրջանում. նրանցից շատերը ցանկություն են հայտնել փոխանակման ծրագրով այցելել մեր համալսարան՝ դասախոսելու:

Մեկշաբաթյա գործուղման ընթացքում Մ. Բրուտյանը ներկա է գտնվել հայազգի պրոֆեսոր, պատմաբան, աստվածաբան  Խաչիկ Ռաֆի Գազերի դասախոսությանը, իսկ վերջին օրը ուսանողներին պատմել է ՎՊՀ-ի մասին՝ խոսելով այն դրական շարժառիթների մասին, հանուն որոնց պետք է գալ մեր համալսարան:

                                                                                                                   Սեփ. լրատվություն

Back to top