поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էր լոսանջելեսաբնակ հայ գրող, գրականագետ, հրապարակախոս, մատենագետ, խմբագիր, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը. առիթը 22-րդ՝ «Հուշարձան մայրերուն» ժողովածուի, ինչպես ինքն է ասում՝ իր զավակի ծնունդն էր:

Ողջույնի խոսքով հանդես եկան գրականագետ, բ. գ. դ., պրոֆեսոր Վանո Եղաիզարյանը և գրականագետ, բ. գ. թ. Արմեն Ավանեսյանը: Վերջիններս խոսեցին Հովսեփ Նալբանդյան մարդու, ընկերոջ, գրողի մասին, ներկայացրին նրա ստեղծագործական կյանքը, այնուհետև անդրադարձան առանձին գործերի՝ նկատելով, որ Հովսեփ Նալբանդյանի նպատակը ոչ այնքան գեղարվեստական բարձր արժեք ունեցող բանաստեղծությունները ներկայացնելն է, որքան ծանոթացումը ժամանակակից հեղինակների հատկապես այն բանաստեղծություններին, որոնք հրապարակված չեն:

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը խոսեց Հովսեփ Նալբանդյանի «Հուշարձան մայրերուն» ժողովածուի մասին, որում հեղինակն ընդգրկել է մորը նվիրված շուրջ 350 բանաստեղծություն: Ս. Թումանյանը նկատեց, որ գրքում տեղ են գտել ամենատարբեր հեղինակների բանաստեղծություններ, և ավելացրեց, որ իր համար հատկապես ցավոտ էին արևմտահայ հեղինակների՝ գաղթի ճամփան անցած մայրերի կարոտներն ու նվիրումները պատկերող բանաստեղծությունները: Խոսելով ժողովածուի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքից՝ նշեց, որ այստեղ զետեղված բանաստեղծությունները տարարժեք են, բայց, չնայած դրան, այն մեզ չի խանգարում լիարժեքորեն ըմբռնելու ժողովածուի գլխավոր ասելիքը՝ այն, թե ինչպես է հայ մարդը, հայ զավակը սրբացնում մորը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, որը խոսեց Հովսեփ Նալբանդյանի ստեղծագործական գործունեության մասին. Նա հույս հայտնեց, որ այսուհետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ միմյանց ասելու նորություններ կլինեն:

Այնուհետև խոսքը տրվեց Հովսեփ Նալբանդյանին, որը ներկայացրեց իր հեղինակած և հրատարակած գրքերը, հոդվածների ժողովածուները, ուղղագրական բառարանը, «Լույս» հանրագիտակը, որում ընթերցողը կարող է գտնել նշանավոր մարդկանց մասին այնպիսի նյութեր, որոնք համացանցում գտնել չի կարող: Նա նաև հանդես եկավ հակիրճ դասախոսությամբ՝ «Սփյուռքը երեկ, այսօր և վաղը» թեմայով: Հ. Նալբանդյանը նշեց, որ սփյուռքում արդեն 15 տարի հայապահպանության գործընթացը դադարել է, շարունակում են փակվել հայկական դպրոցները:

Ծավալվեց քննարկում, որի ժամանակ ներկաներն իրենց հուզող հարցերը տվեցին Հ. Նալբանդյանին: Հանդիպման վերջում հեղինակի ավելի քան 10 գրքեր նվիրվեցին ՎՊՀ  գրադարանին:

Շուշան Ներսիսյան

Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն»

մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողուհի

Back to top