поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանը շարժունության բնագավառում համագործակցում է Պորտուի համալսարանի հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Համագործակցության շնորհիվ մայիսի 6-ից 8-ը բուհում հյուրընկալվել էին Սպորտի ֆակուլտետի ադապտիվ ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ պրոֆ. Ռուի Կորեդեյրան և նույն ամբիոնի պրոֆ. Տանյա Բաշտուշը:

Մայիսի 6-ին և 7-ին հյուրերն անցկացրին երկու դասախոսություն, որին մասնակցում էին բուհի դասախոսներ, ուսանողներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ և հոգեբաններ՝ հրավիրված  հանրակրթական դպրոցներից:

Առաջին հանդիպումը վերաբերում էր ներառական ֆիզդաստիարակությանը՝ շեշտադրելով սահմանափակ կարողություններով անձանց հասարակության մեջ ներգրավելու, այդպիսի աշակերտներին դպրոցական գործընթացին մասնակից դարձնելու և ֆիզկուլտուրայի դասերին հատուկ, անհատական վերաբերմունք ցուցաբերելու, դասապրոցեսին նրանց ակտիվորեն ինտեգրելու խնդիրները:

Հյուրերը նշեցին, որ անհրաժեշտ է առողջ երեխաներին հնարավորինս իրազեկել պարալիմպիկ խաղաձևերի, մարզիկների, տարբեր պարալիմպիկ սպորտաձևերում հաջողությունների հասած անձանց մասին, որպեսզի նրանք առավել ծանոթ լինեն այդ սպորտաձևերին (գոլբոլ, նստած վոլեյբոլ, անվասայլակներով բասկետբոլ, հանդբոլ, բոչիա և այլն) և հասարակության այդ անձանց ընդունեն որպես լիարժեք անդամների:

Երկրորդ օրվա դասախոսությունը նվիրված էր աուտիզմով երեխաներին ֆիզկուլտուրայի դասերին ներգրավելու անհրաժեշտ միջոցների և մեթոդների կիրառմանը: Հյուրերը նշեցին, որ աուտիկ երեխաների քանակը  ներկայում աճում է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով (սնվելու, սխալ ընթացող հղիության, փոքր տարիքում չափից ավելի համակարգչից օգտվելու պատճառներով և այլն): Նրանք ներկայացրին աուտիկ երեխաներին հատուկ վարքագիծը և դրա հետ պայմանավորված՝ առանձնահատուկ մոտեցման անհրաժեշտությունը:

Քանի որ ՀՀ-ում ներառական կրթությունը ներմուծվել է հանրակրթական դպրոցներ, և տեղի մասնագետներն ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բնագավառում կարիք ունեն վերապատրաստման, այդ հանդիպումը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ: Անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը ուսանողների և դասախոսների շարժունության բնագավառում և, օգտվելով նրանց փորձից, կազմակերպել ադապտիվ ֆիզկուլտուրայի դասընթացներ նաև ՎՊՀ-ում, որպեսզի ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում ստացող մեր շրջանավարտները նույնպես պատրաստ լինեն լիարժեք դասավանդելու հանրակրթական դպրոցներում:

Վերջերս ԸՖԴ և ԱԻ ամբիոնի ասիստենտ մ.գ.թ. Արման Բարսեղյանի կողմից հիմնադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային ակումբ, որտեղ գործում է նստած վոլեյբոլի թիմ: Նորաստեղծ թիմում ընդգրկված են սահմանափակ կարողություններով մարզիկներ: Ակումբի պարապմունքներին մասնակցում են նաև ՎՊՀ ուսանողները և շրջանավարտները: Հետագայում ակնկալում ենք, որ ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել և աշխատել ակումբի մարզիկների հետ՝ ձեռք բերելով սահմանափակ հնարավորություններով անձանց հետ աշխատելու փորձ:

Հյուրերը իրենց ֆակուլտետի հիմնադրման 25-ամյա հոբելյանի առթիվ թողարկված հուշամեդալները հանձնեցին ՎՊՀ գիտության գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանին և կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանին:

 

Սեփ. լրատվություն

Back to top