поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի համերգը կայացավ Արվեստի ամբիոնի ջանքերով: ՀՀ Քաղաքացու օրը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում համալսարանականների շուրթերով  վերստին հնչում էր բարձրարվեստ երգեցողություն:

«Մանկավարժության» ֆակուլտետի Արվեստի ամբիոնի դասախոս, դոցենտ, խմբավար Սերգեյ Հարությունյանը, իգական եռաձայն և քառաձայն երգչախմբերի համար կատարելով փոխադրումներ Կոմիտասի ստեղծագործություններից, պահպանել է հանճարի երաժշտամտածողությունը՝ կրկին հաստատելով տեսակետը, որ նա մեր ժողովրդի երաժշտական անձնագիրն է` ազնիվ ժողովուրդների մոտ։

Միջոցառմանը ներկա երաժշտագետների հավաստմամբ՝ Կոմիտասին հասարակությանը, դպրոցականներին և հատկապես ուսանողներին ներկայացնելու անհրաժեշտություն կա մշտապես: Կոմիտասին իրավամբ համարում են հայ ժողովրդական երգի «այբուբենի» ստեղծողը, հայ երաժշտարվեստի Մեսրոպ Մաշտոցը: Այդ «այբուբենի» գյուտով նա կարողացավ ապացուցել, որ «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու կը ծավալի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»։

Համերգի ժամանակ հանդիսականին ներկայացվեց նաև խմբավար Ս. Հարությունյանի՝ Կոմիտասի գործերի փոխադրումների ժողովածուն, որը, մասնագետների պնդմամբ, կարող է լավ ուղեցույց դառնալ երաժշտական դպրոցների համար: Ժողովածուն ներառում է հայրենասիրական, սիրային-քնարական, աշխատանքային, ծիսական, գեղջկական երգեր ու պարերգեր, ինչպես նաև ոչ այնքան հայտնի երգեր:

                                                                                                                   Սեփ. լրատվություն

Back to top