поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ գիտխորհրդի 2019 թ. ապրիլի 25-ի նիստը մեկնարկեց քվորումի պայմաններում՝ 34 անդամների ներկայությամբ. մինչ օրակարգի հաստատումը՝ միաձայն քվեարկությամբ ավելացվեցին ընթացիկ հարցեր: Օրակարգի առաջին 2 զեկուցումների համար սահմանվեց առնվազն 15 րոպե ժամանակ:

Ներքին ու արտաքին շահակիցների մոտիվացիայի բարձրացման մեխանիզմների  բարելավման ուղիները մատնանշեցին դեկաններ Թ. Շահվերդյանը և Հ. Գրիգորյանը:

Թ. Շահվերդյանը զեկուցումը սկսեց կարիքների գնահատումից՝ առանձնացնելով դրանց լուծման ուղղությամբ տարվելիք քայլերը՝ ֆինանսական և ոչ ֆինանսական: Մանկավարժության ֆակուլտետի դեկանը խոսեց դասավանդման նորարարական մեթոդների կարևորությունից՝ նկատելով, որ այս համատեքստում դրական տեղաշարժն ակնհայտ է:

Արտաքին շահակիցների՝ դիմորդների մասով Թ. Շահվերդյանը կարևորեց փոխադարձ այցելությունները բուհ-դպրոց կապի շրջանակներում: Աշխատաշուկա-բուհ կապը ևս կարևորվեց, հատկապես որ տարբեր ոլորտներում համալսարանի կողմից թողարկվող մասնագետների պահանջարկ կա:

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը զեկուցումը սկսեց ներքին ու արտաքին շահակիցների մոտիվացիայի բարձրացման մեխանիզմների  բարելավման ուղղությամբ իրականացված սոցիալական հարցման արդյունքներից խոսելով:   Գիտխորհրդին առանց խմբագրման ներկայացվեցին կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ ուսանողների կողմից արված առաջարկությունները:

Էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության առաջարկով խորհրդին դիմեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանը: Իրավաբանական բաժնի վարիչ Քրիստինե Ղազարյանի՝ որպես էթիկայի  հանձնաժողովի նախագահի թեկնածությունն ընդունվեց միաձայն:

Քննարկվեցին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում  «Դասախոսը ուսանողների աչքերով» սոցիոլոգիական հարցման անցկացման կանոնակարգը, եղան հարցի հետ կապված առաջարկություններ:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, պարգևատրելու և խրախուսելու կարգը կասեցնելու առաջարկով գիտական խորհրդին դիմեց իրավաբանական բաժնի պետը: Ք. Ղազարյանը վկայակոչեց ստեղծված հանձնաժողովի որոշումն առ այն, որ սոցիալական աջակցության հարցերով պետք է զբաղվի բուհի արհեստակցական միությունը. միաձայն քվեարկությամբ կարգը կասեցվեց:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատողներին գիտակազմակերպական, ուսումնամեթոդական և մարզամշակութային որոշ տեսակի աշխատանքների համար դրամական խրախուսման հաշվարկման ու վճարման կարգի փոփոխության հետ կապված առաջարկություններով հանդես եկավ Ա. Սանթոյանը: Նոր կարգի նախագծով պրոռեկտորն առաջարկում է ֆակուլտետների խորհուրդներին  հստակ սահմանել այն ամսագրերի ու կայքերի ցանկերը, որոնցում արված հրապարակումները ենթակա կլինեն խրախուսման: Պրոռեկտորն առաջարկեց կարգի քննարկումը հետաձգել մինչ հաջորդ գիտխորհուրդ:

Ֆ. Մովսիսյանի առաջարկը՝ Ա. Սանթոյանի առաջարկները գրավոր ուղարկել հանձնաժողովին և քննարկել մայիսին, ընդունվեց մեծամասնության կողմից, այնուհետ ելույթի համար ձայն խնդրեց բ. գ. դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը՝ ներկայացնելով  կարգում  առկա խնդիրների առնչությամբ իր դիտարկումները:

Մեծամասնության քվեարկությամբ կարգի քննարկումը հետաձգվեց մինչև մայիս:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության կարգը ընդունվեց միաձայն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման կանոնակարգում առկա անճշտություններն առաջարկվեց քննարկել մայիսին:

Հաջորդիվ քննարկման դրվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգում համապատասխան հանձնաժողովի որոշմամբ ներդրված կետը, ըստ որի՝ ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի թողարկող մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և (կամ) ԲՈԿ-ի կողմից հաստատված պրոֆեսորի կոչում ունեցող անձինք, իսկ առաջին մրցույթից հետո ամբիոնի վարիչի պաշտոնը թափուր մնալու դեպքում և կրկնակի մրցույթ հայտարարելուց հետո՝ նոր միայն վերը նշված պայմանները բավարարող գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և(կամ) ԲՈԿ-ի կողմից հաստատված դոցենտի կոչում ունեցող անձինք: Բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանն առաջարկեց «նոր միայն» արտահայտությունը փոխարինել «նոր նաև»-ով: Փոփոխություններով հարցը դրվեց քվեարկության. 11 կողմ, 15 դեմ, 5 ձեռնպահ քվեարկությամբ առաջարկները չընդունվեցին:

Գիտխորհուրդը հատատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  2019-2020 ուստարվա առկա ուսուցմամբ  մագիստրոսի կրթական ծրագրով,   բակալավրի  ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների վարձավճարները:  Զեկուցումով հանդես եկավ ուսումնամեթոդական վարչության պետը: Անուշ Գևորգյանը նշեց, որ վարձավճարների փոփոխություն չի եղել:

Նիստում ընդունվեց նաև ՈՒԳԸ գիտաժողովի նյութերը տպագրության երաշխավորելու հարցը: 

Սեփ. լրատվություն

Back to top