поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից կազմակերպված միջոցառումը կրում էր «Երազը՝ քնի մեջ» խորագիրը. այն կայացավ «Դեղագործական քիմիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ՝ Քնի համաշխարհային օրվա շրջանակներում:

Ապագա դեղագործները մասնագիտական տեսանկյունից ներկայացրին քնի կարևորությունը, դրա խանգարման պատճառներն ու հետևանքները: Խոսվեց երազների և դրանց նշանակության մասին: Հնչեցին հետաքրքիր փաստեր. հատկանշական է, որ այն, ինչի մասին մենք մտածում ենք քնելուց առաջ, կարող է էապես ազդել մեր երազների բովանդակության վրա: Եթե մենք ակտիվորեն կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա, ապա ամենայն հավանականությամբ այդ ամենը կտեսնենք նաև երազում:

Քնի ժամանակ ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության վրա՝ պատճառ դառնալով մի շարք հիվանդությունների առաջացման: Կարևոր է հստակեցնել քնի ռեժիմը. ցանկալի է, որ հանգստյան և աշխատանքային օրերին ռեժիմային տարբերությունները մեծ չլինեն:

Շատ կարևոր է քնելուց առաջ, հատկապես ուշ ժամերին,  բացառել ակտիվացնող և կոֆեին պարունակող ըմպելիքների (սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլաներ) օգտագործումը: Չեն խրախուսվում մարզումները և ֆիզիկական ակտիվությունը երեկոյան ժամերին, քանի որ դրանք  հանգեցնում են օրգանիզմի անհարկի ակտիվացմանը:

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տալ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները: Քնի խանգարման դեպքում անհրաժեշտ դեղորայքի մասին տեղեկատվության տրամադրման հարցում ուսանողներին օգնել էր  «Դեղաբանության հիմունքներ» առարկայի դասախոս Արևիկ Լոքյանը:

Միջոցառման մասնակիցները դիտեցին առողջ քնի և դրա խանգարումների մասին պատմող ֆիլմ, այնուհետ կիսվեցին միջոցառումից ստացած տպավորություններով:

Սեփ. լրատվություն

Back to top