поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018 թ. ապրիլի 3-ին Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնը հյուրընկալեց Pearson Education ՍՊԸ-ի Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային բիզնես մենեջեր Ագնեժկա Հիբել-Սժիմանսկային։ Աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ ՎՊՀ օտար լեզուների ամբիոնում, որտեղ նրան ընդունեցին ամբիոնի վարիչ Լուսինե Վարդանյանը և ամբիոնի աշխատակազմը։ Աշխատակիցները համառոտ ներկայացրին ամբիոնի ընդհանուր գործունեությունը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձան ամբիոնի խնդիրներին։

Հիմնական խնդիրների մասին խոսվեց ՎՊՀ Էրազմուս+ նորաբաց կոնֆերանս դահլիճում կայացած հանդիպման ժամանակ, որին ակտիվորեն մասնակցում էր ոչ միայն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, այլ նաև ՎՊՀ համագործակցության և կապերի բաժնի ղեկավար Գոհար Դոխոլյանը, նույն բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Աբովյանը, ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները։

Լ. Վարդանյանը ներկայացրեց Pearson Education ՍՊԸ-ի հրատարակության «New Language Leader» դասագրքի ընտրության և գնահատման գործընթացը՝ խոսելով դասագրքի կիրառման ու գնահատման երեք փուլերի մասին։ Նա հիմնականում շեշտադրեց մշտադիտարկման գործընթացի ապահովման կարևորությունը դասագրքի վերաբերյալ արձագանքների, դասալսումների և բաց դաս-սեմինարների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը դասախոսներին հնարավորություն է տալիս ավելի պարզ պատկերացում կազմելու դասագրքի բովանդակության, բառապաշարի, քերականության, լեզվական հմտությունների ձևավորման վերաբերյալ։ Ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներն ամփոփվեցին գրաֆիկի տեսքով։

Այնուհետև հաջորդեց հարց ու պատասխանի փուլը, որի ժամանակ դասախոսները հանդես եկան գրքի վերաբերյալ իրենց գաղափարներով, տպավորություններով և մտահոգություններով։ Ա. Հիբել-Սժիմանսկան պատրաստակամորեն ներկայացրեց թե՛ իր փորձը լեզվի դասավանդման ոլորտում առհասարակ և թե՛ դասագրքի բովանդակային կողմի մասին՝ մասնավորապես։ Նա համառոտ անդրադարձավ դասագրքի վերաբերյալ արձագանքներին։ Ա. Հիբել-Սժիմանսկան նաև ներկայացրեց գրքի խնդրահարույց առաջադրանքների և մեթոդաբանական խնդիրների որոշ պատրաստի լուծումներ։

Հյուրը բարձր գնահատեց ամբիոնի կատարած աշխատանքը՝ հաջողության հիմնական գրավական համարելով թիմային աշխատանքն ու աշխատակիցների միջև առողջ աշխատանքային մթնոլորտը։ Նա նաև շեշտադրեց աշխատակազմի նվիրումը դասավանդման և ուսումնառության գործընթացներին և նոր մարտահրավերներ հաղթահարելու նրանց պատրաստակամությունը՝ սովորողների ակնկալիքներն ու կարիքները բավարարելու նպատակով։ «Վերջերս եղել եմ երեք տարբեր երկրների մի շարք բուհերում, բայց, անկեղծ ասած, ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի լուրջ վերաբերմունք և նվիրվածություն մասնագիտությանն ու կոչմանը»,- ասաց Ա. Հիբել-Սժիմանսկան, ապա խոսքն ուղղեց դահլիճում գտնվող ուսանողներին. «Սիրելի՛ուսանողներ, դուք բախտավոր եք, որ սովորում եք այս համալսարնում»։

Աշխատանքային այցի ավարտին Ագնեժկա Հիբել-Սժիմանսկան պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Վանաձորի պետական համալսարանի հետ։

Օտար լեզուների ամբիոն

Back to top