поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կարմիր ու սև կակաչների համադրությունը սիրող մեր այսօրվա հերոսուհին Նանե Պետրոսյանն է։ Նանեն  բուռն է, զգացմունքային: Խոստովանում է, որ իր  բնավորության գծերից չի սիրում հենց չափից շատ հուզական լինելը.

− Խանգարում է…

    Ծնվել է 1996 թվականին, Վանաձորում։ Հայրը ճարտարապետ է, մայրը՝ բանասեր, եղբայրը՝  դեռ ուսանող։

− Որակյալ կրթության կարևորությունը մեր տանն առաջնային էր։ Մեր ընտանիքն էլ բոլոր ընտանիքներին նման է ու բոլոր ընտանիքներից տարբեր։ Կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում ընտանիքը առաջնային է։

    Դպրոցում լավ է սովորել, և ուսուցիչները հաճախ էին նրա հարմար մասնագիտություն ընտրում՝  բանասեր, կենսաբան, լրագրող։ Սակայն, նա ի սկզբանե հակված է եղել դեպի բնագիտական առարկաները։ Դրանք միշտ հետաքրքրել են նրան, և 5-6-րդ դասարաններից համոզված է եղել, որ պիտի քիմիա ուսումնասիրի։

   Լավագույն հուշերից խոսելիս ասում է.

− Դպրոցական տարիներիս  յուրաքանչյուր օրը կարող եմ լավագույնը համարել։

Սովորել է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցում:

− Այնտեղ օրը լի էր, հագեցած։ Ընդհանրապես, լավագույն հուշերիս մեծ մասը Էվրիկայից է։

  Այժմ սովորում է ՎՊՀ-ում, «Դեղագործական քիմիա» մասնագիտության մագիստրատուրայի  2-րդ  կուրսում:

− Իսկ ինչո՞ւ հենց դեղագործական քիմիա.

− Բավականին մեծ ու գայթակղիչ աշխատաշու կա, որպես մասնագետ կայանալու հեռանկար։

Սովորելով համալսարանում` 2018 թվականին ճանաչվել է ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի լավագույն ուսանող։  

− Ես նրանցից մեկն էի, ով ճանաչվեց տարվա լավագույն ուսանող։ Սկզբում զարմացա, հետո նաև ուրախացա։ Անհամեստություն չլինի, բայց այս պահին նաև մի փոքր հպարտության զգացում ունեմ…

    Աշխատում է «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում իր մասնագիտությամբ։

Վախերի մասին ասում է

− Ես անվախ եմ, համարձակ (ծիծաղում է):

   Նանեն շատ է սիրում ընթերցել, ֆիլմեր դիտել։ Հատկապես նախընտրում է գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը։ Սիրում է կարդալ Ռեմարկ, Դոստոևսկի, Տուրգենև, Թոմաս Հարդի․․․ Կարծում է, որ գրքի և նույն գրքի սյուժեի հիման վրա նկարահանված ֆիլմի միջև տարբերությունը մեծ է։

− Մի գաղտնիք ասեմ. եթե քիմիա չընտրեի, ապա կնախընտրեի ֆիլմեր նկարահանել։ Պետք է նշեմ, որ վերջերս, ցավոք, ֆիլմեր դիտելու ժամանակ չեմ ունենում։                  

Չնայած երաժշտական ժանրերից ամենից շատ նախընտրում է փոփը և դասականը` լավագույն երգի հարցում դեռ չի կողմորոշվել, ասում է.

− Շատ են, մելոման եմ։

   Մարդկանց հետ  շփման ժամանակ մեր հերոսուհին ամենից շատ կարևորում է անկեղծությունն ու պարզությունը։ Ընկերները Նանեի մասին պատմում են, որ մարդամոտ է, ընկերասեր, հումորի զգացումով, վստահելի, նպատակասլաց ու միշտ կարեկցող։ Նանեի ընկերներից մեկը՝ Լիլիթ Շահբազյանը, պատմում է                         

− Իմ ճանաչած ամենագաղտնապահ մարդն է։ Նրա հետ կարելի է խոսել ցանկացած թեմայից ու լինել վստահ, որ դրա մասին ոչ ոք, բացի իրենից, չի իմանա։ Ընկերական շրջապատում առանձնանում է իր դիպուկ արտահայտություններով. բոլորի դեմքին ասում է այն, ինչ մտածում է։

Նանեի ընկերները պնդում են, որ մյուսներից առանձնանում է իր չկրկնվող, յուրահատուկ բնավորությամբ, չի փորձում տարբերվել, և հենց դա է նրա ամենատարբերվող կողմը։

   Վերջում Նանեն հավելում է

− Երջանիկ եմ, որովհետև իմ հպարտություն են ընտանիքս, ընկերներս ու հարազատներս․․․

                                                                                    Անուշ Մուրադյան,

«Լրագրություն» մասնագիտություն, 2-րդ կուրս

Back to top