Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնում է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր:
Սույն թվականի հունիսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:
Նախագծի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 100 մասնակից երիտասարդներ և ուսանողներ հնարավորություն են ստանալու զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը: Առցանց դասավանդումները կիրականացվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետների կողմից` Կարեն Զադոյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանավարտներ կհամարվեն և համապատասխան վկայականներ կստանան միայն այն ունկնդիրները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ծրագրի ավարտին կազմակերպվելիք ստուգարքը: Ծրագրի այս փուլի ավարտին, արդյունքների ամփոփումից հետո կընտրվեն 20 երիտասարդ առաջնորդներ, որոնք կմասնակցեն նախագծի խորացված փուլին, այն է «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին»: Դպրոցի շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի տեսական գիտելիքները կամրապնդվեն և կուղեկցվեն գործնական գիտելիքների ձեռք բերմամբ:
Դեռ ավելին, 20 մասնակիցները կկատարեն խմբային հետազոտական աշխատանքներ, որոնց համար պահանջվող ծախսերը կֆինանսավորվեն Իրավաբանների հայկական ասոցացիայի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կկազմակերպվի միջացոռում, որտեղ, ի թիվս այլոց, կներկայացվեն դպրոցի ունկնդիրների հետազոտական աշխատանքները:
ԲՈՒՀ-ի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մասնակցել նախագծի իրազեկման միջոցառմանը, կարող են միանալ սույն թվականի հուլիսի 13-ին ժամը 17.00- ին հետևյալ հղումով՝ https://iravaban.net/281502.html։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ասոցիացիայի կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ասոցիացիայի պաշտոնական www.armla.am վեբ կայքում: