Բուհ-Դպրոց կապ

ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԿԱՊԵՐ

Բուհ-դպրոց կապերի աշխատանքները համալսարանում իրականացվում են 2005թ.-ից: 2014թ.-ից դրանք ներառվել են համագործակցության և կապերի բաժին, ներկայումս կարգաբերվում են գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնում:

Բուհ-դպրոց կապերի գործունեության ոլորտներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ են իրականացնում Լոռու մարզի դպրոցականների շրջանում` նյութեր և տեղեկություններ տրամադրելով համալսարանական կյանքի և կրթական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, մասնագիտությունների և արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին: Բուհ-դպրոց կապերի աշխատանքները բխում են համալսարանի ռազմավարական առաջնահերթ նպատակներից և պլանավորվում ու իրականացվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Համագործակցությունը իրականացվում է Վանաձորի, Գուգարքի և Տաշիրի տարածաշրջանների, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու հանրակրթական դպրոցների, վարժարանների և քոլեջների հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվող ուսումնադաստիարակչական, մշակութային և այլ միջոցառումները կազմակերպվում են համալսարանի բոլոր ստորաբաժանումների  համատեղ աշխատանքի միջոցով:

Կարևորագույն աշխատանքներից են յուրաքանչյուր տարի կազմակերպվող ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար դասընթացները, դպրոցականների առարկայական օլիմպիադաները, ստեղծագործական ընդունակությունների բացահայտման և մասնագիտության ճիշտ ընտրության նպատակով պարբերաբար կազմակերպվող շարադրությունների և լուսանկարչական աշխատանքների մրցույթները, հայկական, ռուսական, արտասահմանյան պոեզիայի ասմունքի մրցույթները, մասնագիտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով` նաև ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվող սեմինարները, կլոր սեղանները: Անցկացվում են նաև «Ֆակուլտետային օրեր», «Մասնագիտությունների տոնավաճառ», բաց դռների օր՝ ծնողների և դիմորդների համար, բաց դասեր, դիտարժան փորձերի ցուցադրում, վարպետության դասեր, աշակերտների մասնագիտական կողմնորոշման այցեր, վիկտորինաներ, գիտելիքների  ստուգում և այլն:

Մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները ՎՊՀ-ում

Ս.թ. մարտի 15-ից համալսարանում  անցկացվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադաներ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա առարկաներից: Օլիմպիադաներին մասնակցել են  Վանաձորի և Ստեփանավանի ավագ դպրոցների,  Շահումյանի, Ճոճկանի, Հոբարձու միջնակարգ դպրոցների    76 աշակերտներ, 48  աշակերտ՝ 11-րդ դասարանից և 28 –ը՝ 12-րդ դասարանից:  

Առաջիկայում մեկնարկելու են օլիմպիադաներ հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, կերպարվեստ :