Գիտական շրջանակի դատին հանձնվեց պ., գ., դ., պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի ուսումնասիրությունների եռահատոր աշխատությունը

Գիտական շրջանակի դատին հանձնվեց պ., գ., դ., պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի ուսումնասիրությունների եռահատոր աշխատությունը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում կայացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանի հայագիտական ուսումնասիրությունների շնորհանդեսը, որին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Շնորհանդեսի պատվավոր հյուրը՝ սփյուռքահայ գրող, բանասեր, հրապարակախոս, բարերար , հետազոտող-գիտնական և Ֆ. Մովսիսյանի եռահատոր աշխատության մեկենաս Հովսեփ Նալբանդյանն էր: Գրական միջոցառման ընթացքում Հ. Նալբանդյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ կարևորելով ազգային հավաքական գիտակցության նոր որակի և ազգային ռազմավարական նոր քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը:

Նոր հրատարակված գիտական ուսումնասիրությունների շարքը ՎՊՀ պատմության մեջ եզակի է իր տեսակով, քանի որ միանգամից ընթերցողի դատին է հանձնվում հայագիտական ուսումնասիրությունների եռահատոր աշխատություն, որոնք թեմայի ընդհանրություն ունեն և վերաբերում են 19-րդ դարի իրար հաջորդող ժամանակահատվածների`«Հայ հասարակական միտքը 1800-1820-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին», «Հայ հասարակական միտքը 1830-1840-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին», «Հայ հասարակական միտքը 1850-1870-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը շնորհավորանքի խոսք հղեց գիտական ուսումնասիրությունների հեղինակ Ֆ. Մովսիսյանին՝ մատնանշելով 19-րդ դարի եվրոպական ազգային-ազատագրական շարժումների անդրադարձի կարևորությունը հայ պարբերական մամուլում: Եռահատոր աշխատության՝ հայագիտության մեջ ունեցած բացառիկ արժեքի մասին խոսեցին ոչ միայն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև Ֆ. Մովսիսյանի վաղեմի ընկերներն, ուսանողները: Միջոցառման ավարտին ներկաները հայագիտական ուսումնասիրությունների եռահատորը նվեր ստացան հեղինակի մակագրությամբ: Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները չդադարեցին նաև գինեձոնի ընթացքում:

Previous Article
Next Article