ՎՊՀ կրթական բարեփոխումների բաժինը կազմավորվել է 2005թ-ին՝ մեր երկրի՝ Բոլոնյան գործընթացին միանալու հետ կապված համալսարանի կրթական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը նպաստելու նպատակով:
Բոլոնյան գործընթացի նպատակն է՝ ճանաչելի դարձնել տարբեր երկրների բարձրագույն կրթության որակավորումները, ներգրավել հռչակագրին միացած երկրների բարձրագույն կրթության համակարգերը ընդհանուր եվրոպական կրթական տարածքում՝ ապահովելով աշխատուժի և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը Եվրոպայի միացյալ տարածքում:
Կրթական բարեփոխումների բաժինը մասնակցել է Բոլոնյան հռչակագրի սկզբունքներից բխող հետևյալ աշխատանքներին.
- երկաստիճան կրթական համակարգի (բակալավրիատ-մագիստրատուրա) ներդրում,
- ECTS կրեդիտային հիմունքներով ուսումնական գործընթացի կազմակերպում,
- եվրոպական դիպլոմի հավելվածի երկլեզու նմուշի ներդրում (մագիստրատուրայի համար),
- ՎՊՀ ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր փաստաթղթերի մշակում և ներդնում,
- ԱՊՀ և արտասահմանյան երկրների բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների, կատարվող փոփոխությունների ուսումնասիրում, վերլուծություն և ներկայացում ՎՊՀ ղեկավարությանը՝ համալսարանի կրթական գործընթացում դրանց կիրառման անհրաժեշտությունը որոշելու նպատակով:
Ներկա ժամանակահատվածում անցում է կատարվում դեպի կոմպետենցիաների վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրում և իրականացում: Կապված այդ հիմնախնդրի հետ՝ խիստ կարևոր են ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացներից ուսանողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների չափելիության և ստույգ գնահատման խնդիրները: Այդ խնդիրը լուծելու նպատակով կրթական բարեփոխումների բաժինը մշակել է մի շարք փաստաթղթեր՝ նվիրված գիտելիքների գնահատման ավանդական եղանակների և նոր եղանակների կիրառման առանձնահատկություններին, գնահատման միջոցների լրակազմի ձևավորման սկզբունքներին, կոմպետենցիաների անձնագրերի ձևանմուշների մշակման առանձնահատկություններին և այլն: