поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Լավագույն ուսանող» մրցույթը ՎՊՀ-ում անցկացվում է ամեն տարի:  Գլխավոր նպատակն է գտնել ու պարգևատրել համալսարանի լավագույն ուսանողներին բարձր առաջադիմության, գիտական ու հասարակական ակտիվ գործունեության համար:

Իմ զրուցակիցներն են «Հոգեբանություն»,  «Սոցիալական աշխատանք» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունների լավագույն ուսանողուհիներ Արմինե Շախկյանը,  Միլենա Մելիքսեթյանն ու Տաթևիկ Սահակյանը:

− Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մասնագիտությունները: 

Արմինե Շախկյան —  Առաջին մասնագիտությամբ սոցիալական աշխատող եմ, իսկ սոցիալական աշխատանքը ենթադրում է մարդ-մարդ հարաբերությունների կառուցում։ Դրական հարաբերությունների հաստատման, շփման կարևոր գործոններից  է հոգեբանական գիտելիքների և հմտությունների իմացությունը։ Սրանով էլ պայմանավորված է իմ արդեն երկրորդ՝ հոգեբանի մասնագիտության ընտրությունը։ 

Միլենա Մելիքսեթյան  Ի սկզբանե որոշել էի ընդունվել «Հոգեբանություն» բաժինը, սակայն երբ եկավ ընդունելության հայտը լրացնելու պահը, մտափոխվեցի և առաջին հայտով նշեցի «Սոցիալական աշխատանք» բաժինը: Մասնագիտության մասին լիարժեք պատկերացում չունեի, ուղղակի ներքին ձայնս ինձ հուշեց գնալ այդ ճանապարհով:

Տաթև Սահակյան Դպրոցում սոցիալական մանկավարժին ճանաչելու և նրա հետ շփվելու արդյունքում մասնագիտությունը սկսեց հետաքրքրել ինձ: 

− Ըստ ձեզ` ինչո՞ւ հենց դուք դարձաք լավագույն ուսանողներ: 

Միլենա Մելիքսեթյան   Համալսարան ընդունվելիս  ունեցել եմ հստակ նպատակ՝ լինել լավագույն ուսանող, այնուհետև լավագույն մասնագետ: Հետագայում իմացա, որ ամեն տարի անցկացվում է  այդ մրցույթը, և այս տարի որոշեցի դիմել: Բոլոր տվյալներս համապատասխանում էին մրցույթի չափորոշիչներին, և հենց դրա շնորհիվ էլ դարձա «լավագույն ուսանող»: 

Արմինե Շախկյան  Կարծում եմ` իմ այս ձեռքբերմանը նպաստեց վեց տարիների աշխատանքը և ուսմանը նվիրվելը: Ինձ համար ուսումն ունի առաջնային նշանակություն: 

Տաթև Սահակյան Տվյալներս համապատասխանել են մրցույթի չափորոշիչներին: 

− Ունե՞ք սիրելի առարկաներ, սիրելի դասախոսներ: 

Արմինե Շախկյան Անկեղծ ասած` դժվարանում եմ առանձնացնել սիրելի դասախոս: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մանկավարժության ֆակուլտետի դեկանին և պրոֆեսորադասախոսական կազմին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել իմ կայացման գործում։ Չեմ կարող առանձնացնել նաև սիրելի առարկան. ես սիրում եմ իմ մասնագիտությունը, հետևաբար սիրում եմ նաև մասնագիտությանն առնչվող առարկաները։ 

Միլենա Մելիքսեթյան Սիրում եմ բոլոր այն դասախոսներին, որոնք լիարժեք գիտելիք են տալիս: Ինչ վերաբերում է առարկաներին, բոլորն էլ սիրով եմ ուսումնասիրում և յուրացնում, քանի որ մասնագիտությունս իսկապես շատ եմ սիրում:

Տաթև Սահակյան  Բոլոր դասախոսներիս սիրում եմ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մեծ դեր է ունեցել իմ զարգացման գործում: Հետաքրքրությամբ սովորում եմ բոլոր դասընթացները, հատկապես նրանք, որոնք առնչվում են մասնագիտությանս: 

− Ի՞նչ գրքեր է կարդում «լավագույն ուսանողը»: 

Արմինե Շախկյան Հիմնականում ընթերցում եմ մասնագիտական գրականություն: Վերջին կարդացածս գիրքն է՝ В. Франкл, „Психотерапия на практике” (նրանք, ովքեր չեն ընթերցել, խորհուրդ կտամ անպայման ընթերցել): Կուզեի հատկապես առանձնացնել իմ նախընտրած ժանրը՝ դետեկտիվը։ Իմ սիրելի գրողն էլ  դետեկտիվի թագուհին է՝ Ագաթա Քրիստին։ 

Միլենա ՄելիքսեթյանՍիրում եմ զբաղվել ընթերցանությամբ և կարդում եմ ձեռքիս տակ եղած ցանկացած գիրք: Դպրոցական տարիներին բացառապես նախապատվություն էի տալիս պատմական գրքերի, իսկ հիմա ավելի սիրով կարդում եմ այն գրքերը, որտեղ սենտիմենտալիզմը գերակշռում է:

Տաթև Սահակյան  Սիրում եմ կարդալ հայկական պատմավեպեր, հետաքրքրված եմ նաև արտասահմանյան գրականությամբ, բայց այս պահին ավելի շատ կարդում եմ մասնագիտական գրականություն:

− Շատ ուսանողներ քննություններից առաջ սնահավատ են դառնում, իսկ ինչպե՞ս եք  դուք   պատրաստվել քննությունների, ունեի՞ք թալիսմաններ, հաջողակ իրեր ու թվեր: 

Արմինե Շախկյան Ես առաջնորդվում եմ «Քննությունները միշտ տոն են ինձ համար» կարգախոսով: Չունեմ այնպիսի թալիսմաններ, որոնք ինձ օգնում են քննությունների ժամանակ: 

Միլենա Մելիքսեթյան Սնահավատություն, թալիսմանններ, հաջողակ թվեր և իրեր՝ միգուցե, բայց ոչ ուսումնառության ընթացքում և հատկապես քննություններին պատրաստվելիս: Ողջ կիսամյակի ընթացքում սովորելով քննական հարցաշարի հարցերը` որևէ դժվարության չեմ հանդիպում քննության ժամանակ, և հետևաբար ինձ համար հատուկ արարողակարգ չէ  քննություն հանձնելը, այլ, ընդհակառակը, գիտելիքների ամրապնդում է, որն իր մեծ և դրական ազդեցությունն է ունենում մասնագետի կայացման գործում:

Տաթև Սահակյան  Քննությունների ժամանակ հույսս դնում եմ ինձ վրա: 

− Ո՞ր կուրսից եք սկսել գիտական գործունեությամբ զբաղվել և ի՞նչ աշխատանքներ ունեք: 

Արմինե Շախկյան   Առաջին անգամ գիտական աշխատանք սկսեցի գրել երրորդ կուրսում: Իմ առաջին գիտական աշխատանքի ղեկավարը եղել է մ.գ.թ., դոցենտ Զ. Գրիգորյանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հոդվածս` «Սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները ՄԻԱՎ վարակակիրների հետ» արդեն տպագրված է: Կուզեի առանձնացնել  «Ոչ լիարժեք ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ, ոչ լիարժեք ընտանիքների ազդեցությունը դեռահասների հուզական ոլորտի վրա» հոդվածը, որը  ԵՊՀ-ում արժանացել է խրախուսական մրցանակի: 

Միլենա Մելիքսեթյան Գիտական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2-րդ կուրսից: Մասնակցել եմ հանրապետական գիտաժողովների, ունեմ գրախոսության փուլում գտնվող և արդեն տպագրված հոդվածներ:

Տաթև Սահակյան  Առաջին կուրսից եմ սկսել գիտական աշխատանք գրել: Ունեմ երկու հոդված`«Կրտսեր դպրոցականների հարմարվողականության խնդիրները դպրոցում» և «Պրակտիկայի ազդեցությունը ուսանողների մասնագիտական ադապտացիայի և աշխատանքային գործունեության վրա» (համահեղինակ):

− Կարո՞ղ եք նշել ամենաքիչը երեք հատկանիշ, որոնք կօգնեն դառնալ լավագույն ուսանող: 

Արմինե Շախկյան  Պետք է գիտակցել ուսման կարևորությունը: Շատ կարևոր հատկանիշ է նաև պատասխանատվության զգացումը: Ցանկացած գործում հաջողության հասնելու գրավականը տվյալ գործին պատասխանատվությամբ վերաբերվելն է: Անհրաժեշտ է  դրսևորել նաև ակտիվություն, նախաձեռնողականություն, լինել ճկուն, նպատակասլաց և մշտապես ձգտել ինքնակատարելագործման: 

Միլենա Մելիքսեթյան Գիտակցել, որ  ուսումնառության 4 տարիները պետք է նվիրել լավ մասնագետ դառնալուն և չզլանալ սովորել: Ցուցաբերել հասարակական ակտիվություն, ինչը ուսանողական կյանքը ավելի լեցուն և հետաքրքիր կդարձնի: Խիզախորեն գրել  գիտական աշխատանքներ և մասնակցել գիտաժողովների, իսկ անհաջողության դեպքում երբեք չհուսահատվել:

Տաթև Սահակյան   Ես կարևորում եմ աշխատասիրությունը, պատասխանատվությունը և ինքնակատարելագործումը: 

− Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին: 

Արմինե Շախկյան  Սիրելի՛ ուսանողներ, նվիրվեք ուսմանը, գնահատեք այն, ինչ ունեք: Երբ ամեն ինչ տրվում է հեշտ,  մարդը լճանում է, իսկ դժվարությունների ընդունումը և հաղթահարումը ապահովում է շարունակական զարգացում:  Դեռևս ուսանողական տարիներին սկսեք կամավորական աշխատանքներ կատարել. դա շա˜տ-շատ կարևոր գործոն է հետագայում աշխատանքի տեղավորվելու համար: Մի´ վախեցեք ձեր առջև դնել նպատակներ և գնալ այդ նպատակների հետևից: Վերցրեք առավելագույնը ձեր դասախոսներից: Հնավորինս շատ ժամանակ անցկացրեք  ընկերների հետ և հիշեք, որ  ուսանողական տարիներն անփոխարինելի են: 

Միլենա Մելիքսեթյան Ուսանողներին խորհուրդ կտամ իրենց ուսումնառությունը չսահմանափակել միայն ամեն օր դասի գալով և տուն գնալով: Անհրաժեշտ է, որ նրանք ներգրավվեն ուսանողական խորհրդի կազմում, մասնակցեն տարբեր միջոցառումների, սեմինարների, քանի որ այդ ամենը կնպաստի նրանց ոչ միայն ինտելեկտուալ, այլև  մշակութային զարգացմանը: 

Տաթև Սահակյան Սիրել ուսանողական կյանքը, ընտրած մասնագիտությունը, լինել նպատակասլաց:

− Ունե՞ք կարգախոս, որը ձեզ օգնել է ուսումնառության ընթացքում: 

Արմինե Շախկյան  Հազարավոր մղոնների ճանապարհը սկսում է մեկ քայլից։ 

Միլենա Մելիքսեթյան— Լավ է  անել և փոշմանել, քան չանել և փոշմանել, որ չես արել: 

Տաթև Սահակյան   Իմ կարգախոսն է Նելսոն Մանդելայի հետևյալ խոսքը՝ «Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»:

 

Հարցազրույցը՝ Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Back to top