поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի բոլոր 24 անդամները: Ըստ կանոնակարգի՝ անդամներից տարիքով ավագը՝ Ջանիբեկ Ղուկասյանը, և կրտսերը՝ Սոնա Սարգսյանը ընտրվեցին համապատասխանաբար նիստի նախագահ և քարտուղար:

ՎՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը հանդես եկավ իրավական որոշ փաստաթղթերի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Այդպիսի ծավալուն հարցի՝ օրակարգում ընդգրկելը նիստը վարողը, սակայն, համարեց տվյալ պահին ոչ նպատակահարմար: Խնդրի շուրջ ծավալվեց բավականին բուռն քննարկում:

Այնուհետև առաջարկվեց աշխատակարգում փոփոխություններ կատարել, ինչին դարձյալ հաջորդեցին բուռն քննարկումներ: Առաջարկ եղավ ելույթների համար սահմանել հստակ ժամանակահատված: Խորհրդի անդամ Մարգարիտա Շահվերդյանն առաջարկեց խնդիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն դնել քննարկման: Նիստ վարողն առաջարկեց հարցը քննարկել երկրորդ նիստի ընթացքում:

Այնուհետև հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց խորհրդի անդամ,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի թեկնածությունը:

Ինքնառաջադրմամբ հանդես եկավ խորհրդի անդամ Վանո Եղիազարյանը: Խորհրդի անդամների զգալի մեծամասնությունը դեմ էր բուհում դասավանդող անձի առաջադրման հարցին՝ հղում կատարելով խորհրդի աշխատակարգին: Վ. Եղիազարյանը, վերահաստատելով ինքնառաջադրումը, հղում կատարեց ՎՊՀ կանոնադրությանը, ըստ որի՝ խորհրդի նախագահ չի կարող ընտրվել անդամներից միայն ուսանողը: Մեկ ու կես ժամ ծավալված քննարկումից հետո Վ. Եղիազարյանն առաջարկեց Լոռու մարզպետի թեկնածությունը, ինչին անմիջապես հաջորդեց Անդրեյ Ղուկասյանի ինքնաբացարկը:

Ապա քննարկման դրվեց բաց քվեարկություն անցկացնելու հարցը. խորհրդի 24 անդամներից 22-ը քվեարկեց կողմ, 2-ը քվեարկությանը չմասնակցեց:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն՝ Դիանա Տեր-Ստեփանյանը, ելույթ ունենալով   ներկայացրեց համալսարանի զարգացման իր տեսլականը՝ ունենալ մրցունակ բուհ՝ միջազգային կրթական չափանիշներին համապատասխան:  Թեկնածուն այնուհետև պատասխանեց խորհրդի անդամների հարցերին:

Միաձայն կողմ քվեարկությամբ Դիանա Տեր-Ստեփանյանն ընտրվեց «Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Օրակարգի հաջորդ հարցը հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունն էր. միաձայն կողմ քվեարկությամբ պաշտոնում վերընտրվեց խորհրդի նախկին քարտուղար Սամվել Աղաջանյանը: 

Խորհրդի նիստի մյուս օրակարգային հարցերի մասին՝ հաջորդիվ:

 

Սեփ. լրատվություն

Back to top