поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Լույս է տեսել ՎՊՀ աշխատակից Ռաֆ Բարաթյանի «Նռնաքարի հետքը» բանաստեղծական ժողովածուն: Այդ առթիվ  զրուցեցինք հեղինակի հետ:

 —  Ռա´ֆ, ինչո՞ւ «Նռնաքարի հետքը»:

 —   Դեռ մանկուց պատկերավոր մտածողություն եմ ունեցել, սակայն մտքերս թղթին չեմ հանձնել: Երկար տարիներ չեմ գրել, բայց, ի վերջո, գրիչը «հաղթեց» ինձ: «Հետքը» հենց այդ ժամանակահատվածն է խորհրդանշում, երբ թղթին չեմ գրել, իսկ նռնաքարն իմ սիրելի քարն է, որն անձնավորել եմ:

— Ի՞նչն է բնորոշ  Ձեր պոեզիային: Դուք ավանդույթի՞ շարունակող եք Ձեզ համարում, թե՞ նորարար:

—  Իմ  պոեզիային բնորոշ է պատկերայնությունը: Յուրաքանչյուր գործ պատկերավոր մտածողության արդյունք է: Ընկերներիցս  շատերը նկատել են, որ բառերով նկարելու հատկություն  ունեմ: Ես ինձ նորարար եմ համարում, բայց ավանդույթը շարունակող նորարար: Առանց մեր ավանդական պոեզիայի հիմքերի` բառը շունչ ու հոգի  չի ունենա: 

— Ի՞նչ թեմաներով եք սիրում ստեղծագործել: 

—  Թեմաները բազմազան են, բայց գերակշռում են սերը, մենությունն ու դավաճանությունը: Հաճախ թեմաները ծնվում են այն ժամանակ, երբ լույսի կամ մթության մեջ առանձնանում ես ու սկսում զրուցել ինքդ քեզ հետ: 

— Կա՞ն թեմաներ, որոնց երբեք չեք անդրադառնա: 

—  Չեմ կարծում, թե նման թեմաներ կլինեն, թեպետ սկսնակ եմ և հստակ չեմ կարող ասել: 

— Ինչպե՞ս եք պատկերել մարդուն: 

— Մարդիկ, անհատներ գրեթե չկան իմ պոեզիայում: Ես բնության երևույթներն եմ անձնավորել: Օրինակ` քամին կարող է մարդ լինել: Անձնավորված բնության երևույթներն են փոխարինում մարդկանց: 

—  Ըստ Ձեզ՝ ո՞րն է պոեզիայի տեղն ու դերը մեր ժամանակներում:

–  Մարդկանց մոտ հոգու քաղց կա, իսկ պոեզիան հոգու սնունդն է և կարող է վերացնել այդ քաղցը: Ընթերցանությամբ զբաղվող մարդն ավելի հասուն է, կյանքը նրա համար այլ խորհուրդ ունի: 

— Հայ պոեզիան այսօր ինչպիսի՞ն է և ի՞նչ ճանապարհ ունի անցնելու: 

— Այսօր ստեղծագործողները շատ են, բայց պոեզիան թերություններ ունի, որոնցից պիտի ազատվել: Իմ պոեզիան ևս զերծ չէ թերություններից: Չկան մշակված մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր լինի ժամանակակից պոեզիան տարբերակել հնից: Մի առիթով ընկերներիցս մեկին հարցրի, թե ինչո՞վ է տարբերվում ժամանակակից պոեզիան հնից, ասաց, որ եթե այսօր է գրվում, ուրեմն ժամանակակից է. ես այդ կարծիքին չեմ:  Ժամանակակից պոեզիան պիտի լինի  ժամանակին համահունչ: Հիմա ընթերցողը պահանջում է կարճ ու բովանդակալից գործեր, քանի որ նրա ժամանակը հագեցած է, ուստի պոեզիան պիտի լինի այդպիսին, որպեսզի նրան գրավի: 

— Գրքի անոտացիայում նշված է, որ այն նոր որակ է արդի գրականության մեջ. ինչո՞վ է նոր: 

— Գործերիս կարճությամբ, պատկերավորությամբ: 

—  Ըստ Ձեզ` այդ հատկանիշները միայն Ձե՞ր պոեզիային են բնորոշ:

— Ո´չ, շատ գրողների մոտ կան: 

— Այս գրքով ի՞նչ եք ցանկանում ասել ընթերցողին: 

—  Ես այս գրքով փոխանցել եմ զգացմունքներս, ընդ որում, մի մասը միայն: 

—  Իսկ ո՞վ է հասցեատերը, ո՞ր ընթերցողը:

— Սա անդրանիկ գիրքս է, և չեմ կարող ասել, թե ով կկարդա, ինչպես կընդունվի. ժամանակը ցույց կտա:

Հարցազրույցը՝ Թինա Այվազյանի

Back to top