поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կայացել է բուհի գիտխորհրդի հերթական նիստը՝ 39 անդամներից 32-ի ներկայությամբ: Մեկնարկին նախագահող, ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի առաջարկով օրակարգից հանվեց 4-րդ հարցի 3-րդ կետը («Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ատեստավորման ենթակա ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման, ատեստավորման կարգ), որպեսզի հնարավորություն տրվի գիտխորհրդի անդամներին առավել լավ ուսումնասիրելու այն:

Առաջինը խոսվեց համալսարանի ֆինանսական վիճակից. ֆինանսների կառավարման բաժնի վերափոխումների գործընթացի վերլուծության, խնդիրների և անելիքների մասին զեկուցումով  հանդես եկավ ՎՊՀ գլխավոր հաշվապահ Գոհար Բաղդասարյանը: Բուհի ֆինանսական կառավարման և ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացի մասին տեղեկատվությունը նա ներկայացրեց աղյուսակների տեսքով՝ ցույց տալով կրճատված ծախսերի ընդհանուր պատկերը:

Ս. Թումանյանին հետաքրքրեց բաժնի անվանափոխությունից հետո բովանդակային փոփոխությունների հարցը: Իսկ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը հետաքրքրվեց ֆինանսական ռիսկերի գնահատման ընթացքով, մասնավորապես՝ ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժինն ունի՞ արդյոք համապատասխան մասնագիտական թիմ, որ կարող է գնահատել այդ ռիսկերը:

Ֆինանսական խնդիրներից անցում կատարվեց համալսարանում հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացին. գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը նշեց, որ գրեթե ավարտվել են տեղեկագրի Ա պրակի տպագրության նախապատրաստական աշխատանքները, և մինչև տարեվերջ նախատեսված է տպագրել տեղեկագրի առաջին խմբաքանակը: Բ պրակի սրբագրման աշխատանքներն ընթացքի մեջ են. օտար լեզուներով ամփոփագրերի հետ կապված աշխատանքներից հետո պատրաստ կլինի նաև այն:

Հաջորդ հարցով առաջարկություններ արվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. տարեկան  ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ. զեկուցմամբ հանդես եկավ  գլխավոր հաշվապահ Գ. Բաղդասարյանը:

Քննարկման դրվեցին նաև կարգերի և կանոնակարգերի   հաստատման, մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և ներդրման, ներդրված ծրագրերի վերանայման ռազմավարության իրականացման ընթացակարգերը, մասնագիտության կրթական ծրագրերի մշակման և ներդրման ռազմավարությունը: Զեկուցմամբ հանդես եկավ գիտքարտուղար Ս. Բեժանյանը: 

Քննարկումներն ավարտելուց հետո հերթը ընտրություններինն էր. հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Մարիաննա Մազմանյանի՝ դոցենտի գիտական կոչում տալու հարցն էր օրակարգում («Հոգեբանության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ):

Քվեարկությունը կատարվեց գաղտնի, ինչի արդյունքում ստացվեց քվեների հետևյալ հարաբերակցությունը՝ 29 կողմ, 1 դեմ և 2 անվավեր: Համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն ԲՈԿ:

Back to top