поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018 թ. նոյեմբերի 29-30-ին Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության հզորությունների գնահատումը և կենսանվտանգության ապահովման գիտակրթական հիմունքների ներդրումը» խորագրով:

Գիտաժողովին մասնակցել են ՎՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոսներ՝ կ. գ. դ., պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը և գ. գ. թ., դոցենտ Լիլիա Բայրամյանը, ովքեր զեկուցել են «Որոշ ռելիկտային տեսակների պահպանության խնդիրները Լոռու մարզում» թեմայով:

Կենսաբազմազանության պահպանությունը համամոլորակային խնդիր է, որի լուծումը պահանջում է պետական և միջպետական լրջագույն ուշադրություն: Հետերկրաշարժյան ժամանակահատվածում մարդածին գործոնների ճնշման ուժեղացման և կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Լոռու մարզում բնապահպանական խնդիրները սրացել են, դարձել ավելի բազաբնույթ ու բազմաքանակ: Զ. Վարդանյանի և Լ. Բայրամյանի աշխատանքը վերաբերում էր Լոռու մարզի ռելիկտային տեսակների պահպանության խնդիրներին, որը մարզի բնապահպանական խնդիրների մի փոքրիկ մասն է միայն: Հետազոտությունները կատարվել են Լոռու մարզի Եղեգնուտի անտառպետության անտառներում, Աղստևի վերին հովտի, Ֆիոլետովո և Մարգահովիտ գյուղերի միջակա անտառներում, Մայմեխ լեռան հյուսիսահայաց լանջերին՝ ծովի մակարդակից 2000-2800 մ բարձրությունների վրա: Հետազոտության օբյեկտ են ընտրվել նշված տարածքում հանդիպող մրտավարդ կովկասյան Rhododendron caucasica L. և հապալասենի մրտենական Vaccinum myrtillus L. տեսակները, որոնք համարվում են երրորդական-չորրորդական ժամանակներից մեզ հասած ռելիկտային ձևեր: (Ռելիկտները հնագույն ֆլորաների` երրորդական դարաշրջանի պոլտավական, հնագույն միջերկրածովային և տուրգայական բուսականության մնացորդներ են):

Եզրահանգումներն այսպիսին են՝ Կովկասյան մրտավարդի Rhododendron caucasica L. և hապալասենի մրտենականի Vaccinum myrtillus L. պահպանությունը անհրաժեշտ է իրականացնել բնական պայմաններում, որտեղ դրանք աճում են, այսինքն՝ in situ: Բացի այդ` մարդածին ճնշման նվազման և կլիմայի փոփոխության պայմաններում կովկասյան մրտավարդը  և հապալասենի մրտենական բույսերը գրավում են նոր տարածքներ:

Կենսաբանության ամբիոնի դասախոսներն առաջարկում են վերանայել Մարգահովիտի արգելավայրի և մրտավարդենիների պուրակի սահմանները, ուժեղացնել ռելիկտային տեսակների պահպանությունը՝ ստեղծելով տնկարաններ ռելիկտային տեսակների աճեցման համար, վայրի բնության նկատմամբ մարդածին գործոնների ճնշման թուլացմանն օժանդակելու նպատակով:

Կարծում ենք՝ կենսաբանների գիտական հետազոտությունների հիման վրա արված առաջարկները օգտակար կլինեն Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուծման համար:

Back to top