поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էր ՎՏԲ-Հայաստան բանկի պատվիրակությունը. այցի նպատակն էր ներկայացնել բուհի այն ուսանողին, ում նախապես ընտրել էին հինգ թեկնածուներից՝ անվանական կրթաթոշակ տրամադրելու համար: ՎՏԲ-Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Արևշատյանը կարևորեց այդպիսի նախագծերում հենց մարզերի ուսանողների ներգրավվածությունը:

Ինչպես նշեցին հյուրերը, հինգ մասնակիցներից  ընտրվել է միայն մեկը. մյուս ուսանողները մշտապես լինելու են իրենց տեսադաշտում՝  հնարավորություն ունենալով  պրակտիկա անցնել բանկի մասնաճյուղերից մեկում:

ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը շնորհակալություն հայտնեց  ներդրման համար՝ վստահեցնելով, որ բանկի կատարած բարեգործությունն ուսանողը կփոխհատուցի գիտելիքով: Նա նշեց, որ իրեն մեկնված բարեկամ ձեռքին բուհը երբեք չի դավաճանում:

ՎՏԲ-Հայաստան բանկի «Հյուսիս» բիզնես խմբի կառավարող տնօրեն Մհեր Դալլաքյանը, խոսելով կատարված ընտրության մասին, նկատեց, որ այն բավականին բարդ էր ու պատասխանատու. թեկնածուներից յուրաքանչյուրն արժանի էր կրթաթոշակին:

Ամենասպասվածը լավագույնը ճանաչված մասնակցի անունը հայտարարելու պահն էր: Անաչառ հանձնաժողովը ընտրել էր «Կառավարում» 4-րդ կուրսի ուսանող  Աննա Մխիթարյանին, ով, ի դեպ, այն չորս ուսանողներից մեկն է, որ կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Վոլգոգրադի պետական համալսարանի կողմից հայտարարված «Время деньги» միջազգային ուսանողական  ֆորումի 2-րդ՝ որոշիչ փուլին:

Հանդիպման վերջում բանկի կողմից խրախուսական նվերներ հանձնվեցին մյուս չորս մասնակիցներին:

Back to top