поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոկտեմբերի 11-ին ՎՊՀ-ում կայացավ ‹‹Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում›› խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով: Բացման խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը: Ողջունելով ներկաներին՝ Ս. Թումանյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց հետաքրքիր աշխատանքային քննարկումներ:

Մասնակից երկրների թվում էին Հայաստանը(Երևան, Գյումրի, Վանաձոր), Ուկրաինան (Կիև, Խարկով, Մարիուպոլ), Լեհաստանը (Պոզնան,), Բելառուսը(Մինսկ, Գրոդնո, Բրեստ), Ռուսաստանի Դաշնությունը (Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Ռյազան, Կրասնոդար, Կուբան, Մագադան), Սլովակիան (Բանսկա Բիստրիցա), Սերբիան(Բելգրադ):

Գիտաժողովի շնորհիվ սերտ կապեր են հաստատվում տարբեր երկրների գիտնականների միջև: Սա լավ առիթ է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ՝ գիտական նոր ձեռքբերումներին ու մեթոդներին ծանոթանալու համար:

Լիագումար նիստին առաջինը զեկույցով հանդես եկավ ՎՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Կարինե Առուստամյանը՝ ‹‹Ռուսական դարձվածքների կազմում գյուղատնտեսական բառապաշարի իմաստաբանական փոխակերպումները›› թեմայով: Ուսումնասիրության նյութ են հանդիսացել ռուսերենի այն դարձվածքները, որոնցում տեղ գտած գյուղատնտեսական բառերը ենթարկվել են փոխակերպման՝ ձեռք բերելով մի դեպքում քրիստոնեական, մյուսում՝ ընդհանուր հոգևոր իմաստներ: Դրա շնորհիվ այդ լեզվական միավորները կարող են ուսումնասիրվել մշակութաբանական, հանրալեզվաբանական, էթնոլեզվաբանական տեսանկյուններից:

Վ. Կարազինի անվան Խարկովի պետական համալսարանի ավագ դասախոս Սվետլանա Վառավան ներկայացրեց «Կենդանի խոսք. դարձվածաբանությունը օտարալեզու հաղորդակցության ուսուցման ընթացքում»: Հոդվածում դիտարկվում են կենդանի ռուսաց խոսքի դասավանդման հրատապ խնդիրները ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի ուսուցման գործընթացում: Հիմնական ուշադրությունն ուղղված էր դարձվածքների կիրառմանը խոսքի մեջ: Վերլուծվել են հայտնի գիտնականների վիճահարույց տեսակետները բառաշերտի տարբեր խմբերի դարձվածքների կազմում ընդգրկման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկվել է տվյալ դարձվածքների կիրառումը ուսումնական գործընթացում:

Լիագումար նիստի հաջորդ զեկուցողը բ.գ.դ.,պրոֆեսոր Թերեզա Շահվերդյան էր՝ ‹‹Ոչ նյութական խոսքի մասերը միջին հայերենում›› թեմայով: Հայոց լեզվի պատմության միջին հայերենի շրջանում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն նյութական խոսքի մասերը (մասնավորապես հոլովման և խոնարհման համակարգերը), այլ նաև չթեքվող խոսքի մասերը. դրանք համալրվել են նորակազմություններով՝ գերազանցապես նյութական խոսքի մասերից՝ իմաստների մթագնմամբ կամ սահմանափակմամբ:

Բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը լիագումար նիստն ամփոփեց ‹‹Հայկական արքետիպերի համակարգը Հ. Մաթևոսյանի երկերում›› զեկույցով՝ նկատելով, որ Հ. Մաթևոսյանի ողջ ստեղծագործության մեջ իր արտահայտությունն ունի հայոց առասպելն իր արքետիպերով: Առավել ցայտուն արտահայտվում են որբ մանկան, մոր, երկվորյակ կույսի, իմաստուն ծերունու, Սիզիփոսի, Արա փակվող դիցի արքետիպերը: Հաճախ էլ այս արքետիպերն արտահայտվում են որոշակի համակցություններով: Եվ ամբողջանում է կերպարային մի համախումբ, մի Ծմակուտ աշխարհ, որ նախաշտարակաշինության ժամանակներից մինչև այսօր եղած աշխարհի մանրակերտն է ու հայոց աշխարհի պատկերը:

Լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին մասնագիտական 3 բաժանմունքներում: Գիտաժողովին ներկայացված լավագույն աշխատանքները ավանդույթի համաձայն կհրատարակվեն:

                                                                                                           Լիանա Պեչենևսկայա

Back to top