поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սեպտեմբերի 27-ին կայացավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի նիստը, որը վարում էր ռեկտորի պաշտոնակատար, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը: Նիստին 38 անդամներից ներկա էին  26-ը: Մինչ նիստի օրակարգին անցնելը ռեկտորի պաշտոնակատարը առաջարկեց մեկ րոպե լռությամբ  հարգել օրեր առաջ կյանքից հեռացած ՎՊՀ դասախոս Հովիկ Շեկոյանի հիշատակը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական խորհրդի 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանի քննարկմանն ու հաստատմանը: Զեկույցով հանդես եկավ գիտքարտուղար, մ. գ. թ., դոցենտ Սեդա Բեժանյանը: Նա նշեց, որ 12 օր առաջ գիտխորհրդի անդամներին ներկայացվել է 2018-2019 թթ. ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքների պլանը, որի վերաբերյալ առաջարկություններ ստացվել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Ս. Թումանյանից, գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Ա. Սանթոյանից, ուսումնամեթոդական վարչության պետ, կ. գ. թ., դոցենտ Ա. Գևորգյանից և ՈԱԿ-ի կենտրոնի ղեկավար,   հ. գ. թ., դոցենտ Մ. Շահվերդյանից: Ս. Բեժանյանը նշեց, որ բոլոր առաջարկությունները ներառվել են աշխատանքային պլանի մեջ:

Աշխատանքային պլանը քննարկվեց և հաստատվեց:

Օրակարգի երկրորդ հարցը  ՎՊՀ ամբիոնների՝ 2017-2018 ուստարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծության վերաբերյալ էր. զեկույցով հանդես եկավ ՎՊՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Ա. Սանթոյանը:  Պրոռեկտորը նշեց, որ վերլուծության արդյունքները վերաբերում են ոչ թե անհատների կատարած աշխատանքներին, այլ` ամբիոնների: Արդյունավետության գործակիցը որոշվում է ամբիոնների աշխատակիցների թվի և նրանց ներկայացրած աշխատանքների թվի հարաբերակցությամբ: Եթե 10 աշխատակիցներ ներկայացրել են 10 հոդված կամ ավելին, ապա արդյունավետության գործակիցը լինում է 1, իսկ եթե 10 աշխատակիցներ գրել են 10-ից պակաս աշխատանքներ, ապա արդյունավետության գործակիցը լինում է 0. եթե աշխատակիցների կեսը աշխատանքներ չեն գրել, բայց մնացածը 10-ից շատ աշխատանքներ են գրել, ապա արդյունավետության գործակիցը լինում է 1:

Արդյունավետության բարձր գործակցով առաջատար 10 ամբիոնների թվում առաջին տեղում էր  պատմության ամբիոնը: Երկրորդ տեղում հայոց լեզվի ամբիոնն էր, երրորդը` կենսաբանության ամբիոնը, չորրորդը` ֆիզիկայի ամբիոնը, հինգերորդ հորիզոնականում` օտար լեզվի ամբիոնը: Մյուս ամբիոնների արդյունավետության գործակիցը 0 էր: Բուհի գործակիցը նույնպես ցածր էր` գրեթե 0.5: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի աշխատակիցների 48 տոկոսը առհասարակ աշխատանք չունի: Ա. Սանթոյանը խոսեց նաև հոդվածների քանակի (ըստ ամբիոնների) վերաբերյալ: Այս պարագայում ամենաշատ հոդվածներ գրվել էին կենսաբանության ամբիոնի կողմից (26): Պրոռեկտորը նշեց, որ վերլուծությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր ձևաչափով է մշակվելու և ներկայացվելու:

Օրակարգի երրորդ հարցը ՄՌԿ բաժնում կատարվող վերափոխումների վերլուծության, խնդիրների, անելիքների մասին էր: Զեկույցով հանդես եկավ  մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Վ. Մինասյանը: Նա իր խոսքում նշեց. «2018 թվականի մայիսի 8-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի հաստիքացուցակը, համաձայն որի կադրերի և հատուկ բաժինը անվանափոխվել է՝ մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատանքները գտնվում են անցումային փուլում: Այդ կապակցությամբ  բաժնում անցկացվել են քննարկումներ՝ ծագած խնդիրները վերլուծելու և դրանց լուծման առաջնահերթությունները որոշելու նպատակով:

Բաժինը կարևորում է անձանց` համալսարան աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման և կամ հեռացման քաղաքականության ավելի արդյունավետ մեխանիզմների մշակումը, այն է` թափուր տեղերի մասին հայտարարությունների տարածումը, համապատասխան կադրերի հավաքագրումը, մրցույթի անցկացումը և աշխատանքի ընդունման գործընթացը: Այս կապակցությամբ մշակվել է «Թափուր աշխատատեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ», որը, լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված, դեռևս չենք ներկայացնում գիտական խորհրդի հաստատմանը: Կադրերի համապատասխան ընտրությունը ապահովվելու է պաշտոնների անձնագրերի սահմանած չափորոշիչներով, որոնք, թվով 146 հատ, հաստատվել են «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 2018 թվականի մարտի 13-ի թիվ 160 Լ/Կ հրամանով: Հաստիքացուցակի փոփոխություններով պայմանավորված՝ անհարժեշտություն է առաջացել վերանայելու և համապատասխան փոփոխություններ կատարելու որոշ պաշտոնների անձնագրերում, ինչն այժմ գտնվում է լրամշակման փուլում:

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բաժինը համալրվել է շրջանավարտների հետ աշխատանքների համակարգողի հաստիքով: Դրա փոխարեն  հաստիքացուցակից հանվել է շրջանավարտների և կարիերայի աջակցման կենտրոնը: Շրջանավարտների հետ աշխատանքների համակարգողի հաստիք ունենալը ժամանակի հրամայական է, որը ենթադրում է բազմապրոֆիլ աշխատանք, այդ թվում՝ վերլուծություններ և գործատուների հետ կապերի հաստատում: 

Աշխատակիցների վերապատրաստաման գործընթացի հետ կապված՝ բաժինը շարունակելու է համագործակցությունը շարունակական (հարատև) կրթության կենտրոնի հետ՝ մշակելով ընթացակարգ:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը կարևորում է աշխատողների աշխատանքային մոտիվացիայի բարձրացման, աշխատանքային հաջողությունների համար խրախուսման և խթանման քաղաքականությունը, որը ևս պլանավորվել է առաջիկայում մշակել և ներկայացնել գիտխորհրդի քննարկմանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինն ունի համապատասխան մարդկային պոտենցիալ՝ առաջիկայում կատարելու համապատասխան կադրային բարեփոխումներ, որոնք պայմանավորված են համալսարանի ժամանակակից պահանջներով»:

Չորրորդ հարցը՝  2018-2019 ուսումնական տարվա վարձավճարներ սահմանելու և 2019-2020 ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատման մասին էր: Զեկուցեց ուսումնական վարչության պետ, կ. գ. թ., դոցենտ Անուշ Գևորգյանը: Ելնելով սոցիալական իրավիճակից՝ արդեն երեք տարի է վարձավճարները չեն փոփոխվում: 2019-2020 ուսումնական տարվա  ընդունելության բակալավրական մասնագիտությունների ցանկը նախապես քննարկվել է ռեկտորատի նիստում:  Նա նշեց նաև, որ  առկա ուսուցման համակարգում մասնագիտությունները տրվել են համալսարանական, հեռակա ուսուցման համակարգում՝ մանկավարժական դասիչներով:

Հարցը դրվեց քվեարկության՝ 25 կողմ, 1 ձեռնպահ:

Հինգերորդ հարցը վերաբերում էր 2018-2019 ուստարվա առկա բակալավրիատի և մագիստրատւրայի ընդունելության արդյունքներին: Զեկույցով հանդես եկավ  2018-2019 ուստարվա բակալավրիատի և մագիստրատւրայի ընդունելության պատասխանատու քարտուղար, պ. գ. թ., դոցենտ  Սամվել Աղաջանյանը: Նա նշեց, որ այս տարի բուհ դիմել են 219 դիմորդներ, որը նախորդ տարվանից  պակաս է 147-ով. այս փոփոխությունը պայմանավորված է շրջանավարտների թվի պակասով: Բակալավրի համար հայտարարվել էր  56 անվճար տեղ, 339՝ վճարովի: Արդյունքում  ընդունվել են ընդամենը 190 դիմորդ, որոնցից  48՝ անվճար, 142՝ վճարովի: Մագիստրատուրայի կրթական ծրագրով դիմել են 100 դիմորդ, որոնցից  79 ընդունվել են, 19՝ անվճար համակարգ, 60՝ վճարովի:

Նիստի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

 

Ելենա Սաքանյան

Back to top