поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարիր ճորտական , աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի: Բոլորս բոլորիս առջև պատասխանատու ենք, և չաշխատելը դավաճանություն է:

                                                                                                           Հրանտ Մաթևոսյան

Սեպտեմբերի 21-ին Վանաձորի պետական համալսրանի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախությանը: Միջոցառմանը ներկա էին բուհի  դասախոսներ,  աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:

ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը շնորհավորեց ներկաներին  անկախության օրվա կապակցությամբ և խոսեց ձեռքբերումների մասին. «Առաջին և երկրորդ հանրապետություններից մենք վերցրել ենք դիվանագիտական փորձը, նյութատեխնիկական բազան, և թվում էր, թե այդ ժառանգությամբ անկախության ուղին դյուրին կլիներ, սակայն 27 տարիները ցույց տվեցին, որ ծագել են բազում դժվարություններ, որոնք դեռևս շարունակվում են: Անկախության ձեռքբերումներից մեկը, անտարակույս, հայկական զինված ուժերի կազմավորումն է: Կոփվելով պատերազմի դաշտում՝ մենք ստեղծեցինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:  Իսկ ամենակարևոր ձեռքբերումը անկախության սերունդն է: Դու՛ք եք, մեր սիրելի՛ ուսանողներ, դու՛ք, որի մանկությունն անցել է  ՀՀ երրորդ հանրապետությունում, որի այսօրը ևս այստեղ է, և ապագան պետք է լինի այստեղ: Դուք ամուր կանգնած եք ձեր հողի վրա, գիտակցում եք, որ տեր եք ձեր երկրին: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս ձեռքբերման և մեծագույն տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ բոլորս մեծագույն նվիրումով լծվենք Հայաստանի երրորդ հանրապետության հզորացմանը»:

Այնուհետև ուսանողները հայրենասիրական երգ ու պարով զարդարեցին միջոցառումը:

Օրն առավել հետաքրքիր դարձրին ազգային, մարզական խաղ-մրցույթները: Ուսանողները ցուցաբերեցին ակտիվություն և մասնակցեցին շախմատի, նարդու, շաշկու մրցումներին: Բուռն պայքար ընթացավ պարանի ձգման, հեռացատկի, կշռաքարերի հրման և բազկամարտի մրցումներում:

Լավագույնները պարգևատրվեցին:

Ելենա Սաքանյան

 

Back to top