поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTeL (ERASMUS+)»  («Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով») նախագծում:

Նախագծի շրջանակներում   նախատեսված են մի շարք վերապատրաստումներ և ճանաչողական այցեր եվրոպական գործընկեր համալսարաններում (Գրացի FHJ Կիրառական գիտությունների, Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի,  Պորտոյի, Լինշոպինգի  համալսարաններ):

Սույն թվականի հունիսի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «PRINTeL (ERASMUS+)»  թիմին ուսումնական այցով հյուրընկալել էին Բարսելոնայի և Պորտոյի համալսարանները: Հունիսի 11-12-ին Բարսելոնայի համալսարանում կազմակերպված երկօրյա համաժողովի ընթացքում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչներին (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան (Հայաստան), Իլիայի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարան (Վրաստան), Բելառուսի պետական համալսարան, Բրեստի պետական տեխնիկական համալսարան և Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարան (Բելառուս)) եվրոպական գործընկերները ծանոթացրին դասախոսների վերապատրաստման կենտրոնների աշխատանքի ժամանակակից փորձին, նրանց գործունեությանը, կառուցվածքին և իրականացվող վերապատրաստման ծրագրերին։ Այցի հիմնական կազմակերպիչներն էին Բարսելոնայի համալսարանի պրոֆեսորներ` Ջոան-Թոմաս Պուջոլան և Մարինա Սոլե Կատալան:

Հունիսի 14-15 Պորտոյի համալսարանում կազմակերպվեց աշխատաժողով-վերապատրաստում, որի նպատակն էր արևելյան գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների վարչական կազմի կարողությունների բարձրացումը` վերապատրաստման  կենտրոնների նոր ոճով աշխատանքի, նորարարական վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև նոր գործառնական պլանների մշակման ոլորտներում։ Աշխատաժողովի  ընթացքում   ներակայացվեց  դասավանդողների վերապատրաստումների, դասընթացների ձևավորման և իրականացման, փորձի փոխանակմանն ուղղված ամենամյա միջոցառումների, կիրառվող էլեկտրոնային ռեսուրսների, հարթակների և գործիքակազմի  շրջանակներում համալսարանական համագործակցությանն ուղղված եվրոպական համալսարանների վերաբերյալ փորձը: Պորտոյի համալսարանի պրոռեկտոր Ֆերնանդո Ռեմիաոյի և պրոֆեսոր Մարիա Պինտոյի նախաձեռնությամբ  կազմակերպվեց քննարկում «World Café» մեթոդով, որն ապահովում է բոլոր մասնակիցների առավել ներգրավվածություն, և որի ընթացքում քննարկվեցին դասավանդողների վերապատրաստման կենտրոնների   ռազմավարական պլանավորմանը, կառավարմանը, որակի ապահովմանը վերաբերվող հարցեր: Քննարկման արդյունքները ներկայացվեցին նաև ըստ երկրների (Հայաստան, Վրաստան, Բելառուս):

Աշխատանքային հանդիպումներին մասնակցում էին արևելյան գործընկեր բուհերի համալսարանների շուրջ 35 ներկայացուցիչներ, որոնց կազմում Վանաձորի պետական համալսարանից ընդգրկված էին ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանն ու շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Քրիստինե Ղազարյանը:

Հունիսի 16-ին Պորտոյի համալսարանում տեղի ունեցավ նաև «PRINTeL» նախագծի համակարգող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին եվրոպական և արևելյան գործընկեր բուհերի ինստիտուցիոնալ համակարգողները։ Համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվեցին աշխատանքային խմբերի ղեկավարների զեկույցներն ընթացիկ գործողությունների առաջընթացի վերաբերյալ, հաստատվեցին մինչև 2018 թ.-ի վերջը նախատեսված աշխատանքների բովանդակությունը և համապատասխան ժամանակացույցները։

2018 թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համալսարանների ներկայացուցիչների, այդ թվում նաև ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ), որի հավաքագրման հայտարարությունը զետեղված է ՎՊՀ կայքէջում ( http://www.vsu.am/azd-am/596-erasmus-printel ):

Back to top