поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մայիսի 31-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը վարում էր բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը՝ ռեկտորը շնորհավորեց արհկոմի նախագահի տեղակալ Ա. Բարսեղյանին՝ դոցենտի գիտական կոչում ստանալու համար:

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը ամբիոնների գիտահետազոտական աշխատանքների ռազմավարության և ժամանակացույցին համապատասխան լինելու վերաբերյալ էր, որը ներկայացրին ամբիոնների վարիչները:

Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Կ. Առուստամյանը զեկուցեց 2013-2018 թթ. գիտական հաշվետվությունը, նշեց, որ ռուսաց լեզվի ամբիոնի գիտական ուղղվածություններն են՝ արդի լեզվաբանությունը, ժամանակակից ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկան և  միջմշակութային հաղորդակցությունը, խոսեց հիմնախնդիրների մասին:

Ըստ Կ. Առուստամյանի՝ գիտական ուղղությունները նախանշված են իրենց կրթական ծրագրում: Մինչև 2008 թվականը միջմշակութային հաղորդակցության ոլորտի ուղղվածության ուսումնասիրությունները առանձնացված չեն եղել, սակայն երբ ռուսաց լեզվի ամբիոնը դարձել է միջմշակութային հաղորդակցության միջազգային լաբորատորիայի անդամ և ակտիվորեն սկսել է մասնակցել նրա աշխատանքներին, անհրաժեշտություն է առաջացել խորացնել և ընդլայնել տվյալ ոլորտի ուսումնասիրությունները, ամրագրել դրանք ամբիոնի գիտական ուղղության մեջ՝ կատարելով լրացումներ գիտական ուղղվածությունում: Սրանք հանդիսանում են գիտական աշխատանքի երկարաժամկետ նպատակներ, որոնց համապատասխանում են ամբիոնի աշխատակիցների կողմից կատարված գիտական ուսումնասիրությունները: Նշված ուղղությունների շրջանակներում կատարվող աշխատանքները կարելի է դասակարգել երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ փուլերի: 5 տարվա կտրվածքով ամբիոնը տպագրել է 39 աշխատանք (որոնցից 11-ը՝ միջազգային և 28-ը՝ հանրապետական գիտական ժողովածուներում), միջնաժամկետ՝ 2 տարվա կտրվածքով (ռուսաց լեզվի ամբիոնն անցկացնում է միջազգային գիտաժողով՝ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագրով), վերջինը՝ 4-րդը, անցկացվել է 2016 թ.-ին, 5-րդը կկայանա սույն թվականի աշնանը՝ հոկտեմբերի երկրորդ կեսին: Գիտական աշխատանքների կարճաժամկետ կտրվածքով ամբիոնում անցկացվել են ուսումնամեթոդական սեմինարներ, որոնց ընթացքում դասախոսները հանդես են եկել զեկուցումներով: Ամբիոնի վարիչը հաստատեց, որ դրանց ճնշող մեծամասնությունը նպաստել է կրթական ծրագրով դասավանդվող առարկաների գիտական մակարդակի ապահովմանը և բարելավմանը: Նա նշեց, որ այս ուսումնական տարում ամբիոնը գիտական ուղղվածություններում ներառել է նաև Լոռու մարզում ներկայացված այլ ազգերի լեզվական և մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցը, ինչը կապված է միջազգային  լաբորատորիայի անդամ, Բելառուսի  մեր գործընկեր Իրինա Կալաչովայի նամակի հետ, որով նա դիմել էր պրոռեկտոր Ա. Սանթոյանին՝ առաջարկելով անցկացնել համատեղ գիտական ուսումնասիրություններ, որում նախ և առաջ  պետք է ընդգրկվեր ռուսաց լեզվի ամբիոնը: Գիտական աշխատանքները պահանջում են որոշակի փոփոխություններ ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներում, ինչը կարող է բերել ԿԾ-ի որոշակի փոփոխման, մասնավորապես՝ բարբառագիտական պրակտիկայի վերականգնման: 

Ամբիոնի ուսումնասիրությունները հիմնականում ուղղված են լեզվաբանության արդի հիմնախնդիրներին, միջմշակութային հաղորդակցության ոլորտին, այդ իսկ պատճառով առաջարկվել է ուսումնասիրել մարզում ներկայացված տարբեր ազգերի  մշակութային և լեզվական ժառանգությունը: Խնդրի ուսումնասիրության համար ամբիոնը հարկ է համարում նշված ուղղության հարցերը ներառել կուրսային և ավարտական աշխատանքների ցանկում:

Արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Հ. Հակոբյանը զեկուցեց, որ ամբիոնում հաստատվել են գործունեության ռազմավարական ծրագրերը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Թվարկեց այն ամենն, ինչն  ամբիոնն իրականացնում է իր գործունեության  ընթացքում. մասնագիտական կրթական  ծրագրերի բարելավում և վերանայում (ամբիոնում կազմվել են հանձնաժողովներ, որոնք  զբաղվում են  ՄԿԾ-ների բարելավման և վերանայման աշխատանքներով և  պարբերաբար ներկայացվում են ամբիոնի նիստերում), ուսուցման բոլոր ձևերում (առկա, հեռակա)  դասախոսոությունների, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքների, մասնագետների  որակավորման  բարձրացման  աշխատանքներ, ուսումնական  և արտադրական պրակտիկաների կազմակերպում, ուսանողների կուրսային և ինքնուրույն  աշխատանքների  ղեկավարում, ուսանողների ընթացիկ առաջադիմության ատեստավորում և քննաշրջանների ստուգարքների ու քննությունների կազմակերպման բարելավում: Ամբիոնում քննական գործընթացը կազմակերպված է բավականին  թափանցիկ՝ մասնավորապես այն առարկաները, որոնք դասավանդվում են անհատական պարապմունքների ձևով, անց են կացվում ուսանողների ներկայությամբ, ամբիոնի ներկայացուցիչների միջոցով ավարտական աշխատանքների ղեկավարման, պաշտպանության և պետական քննությունների անցկացման  կազմակերպման բարելավում, ուսումնամեթոդական գրականության, ընդհանուր և հատուկ դասընթացների ուսումնական ծրագրերի, բոլոր տիպի ուսումնական հանձնարարությունների, ուսումնական պլանների՝ պետական չափորոշիչներին համապատասխան մշակում: Վերջին մեկ տարում ամբիոնում ներդրվել են մի շարք կամընտրական  մասնագիտական դասընթացներ, օրինակ՝  դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր ճյուղերը), ամբիոնի աշխատակիցների կրթական, գիտական, մեթոդական և այլ աշխատանքների անհատական պլանների քննարկում, դասալսումների և դասախոսական  տեքստերի քննարկում: Յուրաքանչյուր կիսամյակի սկզբում կազմվում են  դասալսումների ժամանակացույցներ, որոնց արդյունքները  քննարկվում են ամբիոնի նիստում և դասալսում կատարաող դասախոսի կողմից  ներկայացվում գրավոր հաշվետվության ձևով), ամբիոնի անդամների ուսումնական և մեթոդական անհատական աշխատանքների պլանների բարելավում, համալսարանում  կազմակերպվող միջոցառումներին և լրացուցիչ ծառայություններին մասնակցություն, մասնագիտական գիտելիքների քարոզչության և լուսավորչական գործունեության ծավալում հասարակության մեջ, ուսանողների ստեղծագործական  և գիտական աշխատանքների ղեկավարում, oգնություն  ՈՒԳԸ  խորհրդին  գիտաժողովների  և միջոցառումների կազմակերպման գործում, միջբուհական, մարզային, բուհական  փառատոների  և ցուցահանդեսների  կազմակերպում:

Զեկուցողը նշեց, որ ամբիոնը մասնակցում է նաև համալսարանի կողմից կազմակերպված շարունակական կրթության գործընթացին: Ամբիոնում կազմակերպվել է   կավագործական դասընթաց՝ երեք ամիս տևողությամբ, որին մասնակցել են  Լոռու, Տավուշի  մարզերի մանկավարժներ և շրջանավարտներ: Առկա  խնդիր համարեց ուսանողների թվի զգալի նվազումը, բարձր որակավորում ունեցող երեք մասնագետների մեկնումը:

Գրականության ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Վ. Փիլոյանը ներկայացրեց ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները, դրանց  ուղղությունները: Վ. Փիլոյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում է եղել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, որին նվիրված հոդվածներ են հեղինակել ամբիոնի դասախոսները: Հրատարակության է պատրաստ բանաստեղծ Հրաչյա Սարուխանի՝ ժողովածուներում չներառված բանաստեղծությունների հատորյակը՝ առաջաբանով, ծանոթագրություններով: Հ. Այվազյանը հեղինակել է «Լուսավոր հանճարը» հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն, որը նվիրված է Հովհ. Թումանյանի ստեղծագործությանը և գիտակցվում է որպես բանաստեղծի ծննդյան առաջիկա 150-ին նվիրվող իրողություն: Անդրադարձ է կատարվել նաև այլ հեղինակների (բ. գ. թ., դոցենտ Հ. Բաբուռյանը հեղինակել է «Հրաչյա Սարուխանի «Ի տրիտուր» ժողովածուն», «Մհեր Բեժանյանի «Բոց և կավ» ժողովածուն» հոդվածները: Վ. Փիլոյանն անդրադարձել է Վահագն Մուղնեցյանի արձակին և բանաստեղծությանը «Հոգով ուխտավորը» հոդվածով: Ուշադրության են արժանացել նաև Ռ. Պողոսյանի, Ա. Մարտիրոսյանի, Ն. Շահնազարյանի, Հր. Սարիբեկյանի, Մ. Միկոյանի, Ն. Կռոյանի, Ֆ. Շաքարյանի, Ա. Նազարեթյանի, Ս. Խալաթյանի, Ռ. Հովասափյանի, այլոց գործերը: Վ. Փիլոյանը հավաստեց, որ ամբիոնի նիստով  հաստատված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նախատեսված ուսումնասիրությունների մեծ մասն ավարտված է, սակայն կան նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող, ավարտվելիք ուսումնասիրություններ: Այս պահին գերխնդիրը գրական կերպարի վերաբերմամբ տեսական բնույթի ուսումնասիրության ստեղծումն է ամբիոնի և աշխատակիցների համատեղ ջանքերով. աշխատանքը ենթադրում է շարունակականություն ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում. հավելվում են նոր հեղինակներ ու ստեղծագործություններ, գրվում են նոր ուսումնասիրություններ:

Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Լ. Վարդանյանը նշեց, որ ամբիոնի գիտահետազոտական  ուղղությունները 3 են՝ գործաբանական լեզվաբանության  հիմունքներ և հիմնախնդիրներ, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, օտար լեզուների դասավանդման և գնահատման արդիական մոտեցումներ: Ամբիոնի գիտահետազոտական ուղղությունների շրջանակներում իրականացվել են կարճաժամկետ ծրագրեր: Մագիստրոսական թեզերի և կուրսային աշխատանքների թեմաների ընտրությունը կատարվել է ամբիոնի ընդհանուր գիտական թեմաների համատեքստում՝ հաշվի առնելով ուսանողների հետաքրքրությունների շրջանակն ու նրանց կողմից առաջադրված թեմաները: Արդյունքում՝ մագիստրոսական 13 կուրսային աշխատանքներ և 13 թեզեր գրվել են գործաբանությունից, իսկ մագիստրոսական 5 կուրսային աշխատանքներ՝ միջմշակութային հաղորդակցությունից (մագիստրոսական թեզերի և կուրսային աշխատանքների թեմաները նույնն են): Մագիստրոսական թեզերի և կուրսային աշխատանքների ղեկավարների համար կազմակերպվել են կարճատև դասընթացներ, սեմինարներ և կլոր-սեղան քննարկումներ: Գնահատման օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով ուսումնասիրվել են գնահատման ժամանակակից մեթոդաբանության հիմնախնդիրներն ու միջոցները, որի հիման վրա մշակվել և ներդրվել են ինքնուրույն աշխատանքների գնահատման 5 վերլուծական  սանդղակներ: Միջնաժամկետ ծրագրերի իրականացման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Ամբիոնի կողմից քայլեր են ձեռնարկվում օտարալեզու կրթական ծրագրի իրականացմանն անցնելու ուղղությամբ: Այս նպատակով ամբիոնի օգնությամբ թարգմանվում են օտար լեզվով դասավանդվող մի շարք հումանիտար, սոցիալ-տնտեսական և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական մոդուլների դասախոսական տեքստեր: Ուսումնասիրվում է եվրոպական երկրների առաջավոր բուհերի օտար լեզուների ամբիոնների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների փորձը.  Ամբիոնի աշխատակիցները փորձում են այն հնարավորինս կիրառել իրենց աշխատանքներում, նրանց հետ իրականացնել համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, կապ ստեղծել գիտահետազոտական և միջազգայնացման գործընթացների միջև: Վերանայվում են ուսումնամեթոդական փաթեթները և դասախոսական տեքստերը: Խորությամբ ուսումնասիրվում են խոսողական ակտերի, հաղորդակցության և խոսքային ներգործության տեսությունները: Նախատեսվում է հրատարակել 18 գիտական հոդվածներ՝ մագիստրոսական թեզերի թեմաներով:

Զեկույցներով հանդես եկան նաև մյուս ամբիոնների վարիչները:

Օրակարգի երկրորդ հարցի՝ ուսանողների կրթական կարիքների վերհանման վերլուծության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՈՒԽ նախագահ Ա. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ուսանողների կրթական կարիքների վերլուծությունն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշակի ժամանակահատվածում պարզելու՝ կրթական ոլորտի վերաբերյալ ուսանողներին հուզող հարցերը, ինչպես նաև նրանց առաջարկությունները և մտահաղացումները՝ նոր մեթոդների առաջադրման գործում: Վերլուծությունը իրականացվել է ֆակուլտետ առ ֆակուլտետ՝ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահների գլխավորությամբ: Վերլուծությանը օգնել են նաև մասնաշենքերում տեղադրված արկղիկները: Զեկուցողը ներկայացրեց այն կրթական խնդիրները,որոնք առաջարկվել են ուսանողության կողմից. Գնահատման օբյեկտիվության բարձրացում, մագիստրոսական կրթության վերապատրաստումը՝ ըստ ուղղվածության: Ներկայացրեց այն իրատեսական առաջարկությունները, որոնք առաջադրվել են ուսանողների կողմից. ակադեմիական խորհրդատուների պարտականությունների չկատարման դեպքում ՝նպատակահարմար է չկատարել իրենց աշխատանքը:

Գրադարանը և գրականության ամբիոնը յուրաքանչյուր ամիս կազմակերպել գրքի քննարկում (դասախոսական կազմի հետ միասին)՝ հիմք դնելով կրթական միջավայրի հետագա զարգացմանը, շարունակական կրթության կենտրոնում դասավանդել հռետորական արվեստ, բարձրացնել գնահատման  օբյեկտիվությունը և ակադեմիական ազնվության գործոնը:

Նիստի ժամանակ քննարկվեցին այլ հարցեր:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top