поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018թ. մայիսի 21-ին թիվ 3 կաբինետում տեղի ունեցավ «Կլիմայի գլոբալ փոփոխություն. խնդիրներ և վտանգներ» խորագրով սեմինար: Սեմինարը կազմակերպել էր կենսաբանաքիմիական ֆակուլտետը: Սեմինար-քննարկման ընթացքում լսվեցին չորս ընթերցումներ.

  1. Կլիմայի գլոբալ փոփոխություն. միջավայրի աղտոտում, վտանգներ - Արևիկ Հովսեփյան, «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի
  2. Կլիմայի գլոբալ փոփոխության արձագանքները Լոռու մարզի Վանաձոր քաղաքում - Գոհար Աշրաֆյան, «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի
  3. Օրգանիզմի ներքին միջավայրի աղտոտում - Տաթևիկ Ղազարյան, «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի
  4. Էնդոէկոլոգիական ռեաբիլիտացիա. ադապտացիոն միջոցառումներ - Քրիստինե Կիրակոսյան, «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանողուհի:

Ուսանողների աշխատանքները ղեկավարել էր կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը: Գաղտնիք չէ, որ Երկիր մոլորակը գտնվում է էկոլոգիական ճգնաժամի ճիրաններում: Ծառացած էկոլոգիական խնդիրները բազմաբնույթ են, խիստ սրացած, որոշ դեպքերում վտանգավոր և´ մարդկության, և´ կենդանի բնության, ինչու չէ նաև անկենդան  բնության համար: Էկոլոգիական ճգնաժամից անմասն չի մնացել մեր Հանրապետությունը, մասնավորապես Լոռու մարզը, որն այսօր առանձնանում է զարգացող հանքարդյունաբերությամբ:

Ուսանողները ներկայացրին էկոլոգիական հավասարակշռության խախտման պատճառները և հետևանքները Լոռու մարզում՝ կապված տեխնածին ճնշման և 20-րդ դարի 90-ական թվականների զանգվածային անտառահատումների հետ՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում:

Սեմինարին մասնակցում էին ՏԻՄ ներկայացուցիչներ, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը, Լոռու մարզի օդերևութաբանական ծառայության պետ Վարդան Եգանյանը, անտառագետ Գագիկ Ամիրյանը, Հայկական Կարմիր խաչի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արևիկ Ամիրյանը և ուրիշներ: Ընթերցումների ընթացքում ուսանողները ներկայացրին գիտնականների վերլուծությունները Երկիր մոլորակի և Լոռու մարզի էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ: Շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վերլուծությունից հետո ուսանողները ներկայացրին մարդու օրգանիզմի, ներքին միջավայրի աղտոտման հնարավոր վտանգներն ու հետևանքները: Նրանք առաջարկեցին օրգանիզմի էկոլոգիական ռեաբիլիտացիայի ադապտացիոն որոշ գործողություններ, որոնց  թվում էր նաև մեր համալսարանի կենսաբանության ամբիոնի դասախոսների կողմից առաջարկվող ժողովրդական բժշկության դեղատոմսը, որը ներառում էր թեյ, օշարակ և ըմպելիք՝ մեր տարածաշրջանում շատ հանդիպող թանթրվենի սև և ալոճենի սովորական տեսակի բույսերի պտուղներից, ծաղիկներից:

Ընթերցումների վերջում ծավալվեց մտքերի փոխանակում, որն անցավ բուռն, բազմակարծության մթնոլորտում: Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանն ասաց. «Չեմ ափսոսել, որ մասնակցում եմ այս սեմինարին: Շատ արդիական հարցեր քննարկվեցին, շատ հետաքրքիր էր: Կարևորում եմ անտառագետի մասնագիտությունը և առաջին անգամ անտառագետ տեսա»:

Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը, գոհունակություն հայտնելով միջոցառման անցկացման վերաբերյալ, առաջարկեց ոչ միայն շարունակել, այլև ավելի աշխուժացնել համագործակցությունը բուհի և ՏԻՄ-երի միջև:                                                                                              

                                       

                                                            Արևիկ Հովսեփյան

Կենսաբանության ֆակուլտետի ՈւԽ նախագահ

Back to top