поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասախոս Գայանե Մալումյանի գլխավորությամբ բանաստեղծի անունը կրող գրականության և արվեստի թանգարանում էին. արդեն երկրորդ անգամ անցկացվում էր «Չարենցի սերերը» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառման նախնական տարբերակն ուսանողներն իրականացրել էին դեռ նախորդ տարի՝ նոյեմբերի 27-ին: Այնուհետև միջոցառումից հատվածներ էին տեղադրել համալսարանի կայքում, ինչն էլ արժանացել էր թանգարանի ուշադրությանը: Վերջինիս տնօրինությունը հրավեր էր ուղարկել Վանաձորի պետական համալսարան՝ խնդրելով ուսանողներին նույն միջոցառմամբ հանդես գալ նաև թանգարանում բանաստեղծի ծննդյան օրը:

Թանգարանում օրը տոնական էր: Հյուրընկալ հարկի տակ էին «հավաքվել» Չարենցի սերերը, կանայք, Չարենցը, «այդտեղ» էր նաև Սայաթ-Նովան: Միջոցառմանը նրանք հանդես եկան հուշերով, բանաստեղծություններով, երաժշտական ու պարային կատարումներով: Օդը լիքն էր Չարենցով:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հուշերի միջոցով ներկաներին ներկայացրին բանաստեղծի սիրառատ կյանքի մի զգալի հատվածը: Նամակներ, հուշեր, բանաստեղծություններ՝ ահա այն ամենը, ինչի միջոցով կերպավորվեց Չարենցը:

Միջոցառման ավարտին մասնակից ուսանողները թանգարանի կողմից նվեր ստացան անհատական մակագրություններով գրքեր՝ ի նշան երախտագիտության:

 Թանգարանի տնօրինությունը հույս հայտնեց, որր այս համագործակցությունը վերջինը չէ:

Շուշան Ներսիսյան

Խմբագրության կողմից: Այս միջոցառմանը կայքն անդրադարձել էր դեռ երեկ: Նյութը հրապարակում ենք, քանի որ այն բովանդակում է որոշ մանրամասներ, որ տեղ չէին գտել նախորդ նյութում:

Back to top