Միջազգային ծրագրեր

Վանաձորի պետական համալսարանը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցում էր երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ: Մեր դասախոսները վերապատրաստվում և ասպիրանտական կրթություն էին ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում, մասնակցում էին կոնֆերանսների, ծավալում էին համատեղ աշխատանք տարբեր գիտական նախագծերի շուրջ: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ վերականգնել այդ կապերը:

Այսօր միջազգային կապերի շրջանակներում ՎՊՀ-ն համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի,Գերմանիայի և Ռուսաստանի մի քանի հեղինակավոր բուհերի հետ:

2010թ.-ին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՀ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ: Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ: Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում:

Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված համաձայնագիրը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում: Նախատեսվում է նաև համատեղ ուսումնամեթոդական դասագրքերի ու ձեռնարկների ստեղծում:

Գերմանիայի Բամբերգ քաղաքի Օտտո Ֆրիդրիխի անվան համալսարանի հետ համագործակցության շրջանակներում կուսումնասիրվի կրթության կազմակերպման և Բոլոնյան գործընթացի հետ կապված բարեփոխումների իրականացման գերմանական փորձը:

Միջազգային կապերի շրջանականերում բուհի աշխատակիցները տարբեր տարիների գործուղվել են ԱՄՆ (Պիթսբուրգի համալսարան, Պենսիլվանիա, Ֆենիքսի համալսարան, Արիզոնա), Ֆրանսիա (Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիուտ), Գերմանիա (Ֆրանկֆուրտի համալսարան), Մեծ Բրիտանիա (Լեստերի համալսարան), Չեխիայի Հանրապետություն (Պրահայի Կառլովի համալսարան, Բռնոյի Մասարիկի համալսարան, Բռնոյի Տեխնիկական համալսարան), Հունաստան (Արիստոտելի համալսարան, Սալոնիկ:

Բուհը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են ուսանողների ու դասախոսների փոխանակումներ, կազմակերպվում են ամառային դասընթացներ, կոնֆերանսներ ու սեմինարներ: Այդ կազմակերպությունների շարքում են IREX, DAAD, OSI, TACIS, TEMPUS միջազգայնորեն հայտնի կազմակերպություններն ու հիմնադրամները:

2010թ.-ից բուհը սերտորեն համագործակցում է ֆրանսիական GREF (Groupement des Retraités Educateurs sans Frontières) կազմակերպության հետ, ավելին` ինստիտուտը դարձել է այդ համագործակության մի յուրովի կենտրոն, որի շրջանակներում ՎՊՄԻ-ում անցկացվում են Լոռու մարզի ֆրանսերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև դասընթացներ` բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող ուսանողների համար: