ԵՍ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԼՌԵՄ…

  • Ուրբաթ, Մյս 19 2017

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ

 

ԵՍ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԼՌԵՄ… 

.......
Ձկներե՞ն էր լեզուս, հեռացող իմ նավազ,
Ես ի՞նչ լեզվով լռեմ, որ դու ինձ… հասկանաս.
Չմոլորվես ծովի շշուկներում հանկարծ, 
Երբ իմաստուն աստղով մակույկդ ինձ հասնի:

Գուցե երազ տեսար՝ իմ ճայերից հուշված,
Քեզ հմայող երգիս որտե՞ղ հավատացիր.
Բայց ինձ գտա մի օր քեզ հետ աղոթելիս
Եվ օրհնելիս բախտի այս կորուստը քաղցր:

Իմ փնտրածը ծով էր՝ այն, որ ափեր չունի,
Այնինչ շնչահեղձ եմ ավազներին այս ցուրտ,
Եվ ցավո՜տ է այնքան սթափվելը քնից,
Նորից քնելն` այնպես անհնարին մի ջանք:

Ձկներեն էր խոսքս, ինձ իմ ծովը մնաց,
Նրան կյանքը տարավ ալիքների ուժով,
Ինձ կողոպտեց մինչև հավատամքս վերջին,
Մինչդեռ զուգեց ցավի բողբոջներով ազնիվ:

 

Հիմա հազար լեզվով կյանքն ինձ ձայն է տալիս,
Բայց ի՞նչ լեզվով լռեմ, որ էլ չհասկանաս…

 

Որտեղ և ինչպես…


Ես քեզ որտե՞ղ գտա ու ինքս ինձ կորցրի,
Հավատացի՜ այնպես միֆին հավերժահամ,
Թող աստղերը պատմեն հոգուս կեսգիշերից,
Որ եղել են բոլոր անկյուններում իմ տան:

Ես քեզ ինչպե՞ս տեսա եւ զրկվեցի լույսից,
Բայց Լո՜ւյս դարձա ինքս ոտքից գլուխ,
Եվ ծանրացավ այնպես կյանքի թիկնոցն ուսիս,
Որ թափվեցին աստղերն իմ աչքերից մարող:

Դեռ չճոճված մի կուշտ օրորոցում սրտիդ`
Ես հեռացա ճամփով «խելոք» սթափության,
Եվ որ լռի մի պահ արյունն իմ մեկուսի,
Տառապանքիս սերմից թողեցի քո այգում:

Հիմա հազար դարով ես հեռու եմ քեզնից,
Չի՜ սթափվել, սակայն, հոգին իմ միֆապաշտ,
Ինչքա՜ն պիտի ճոճվեմ այս կամրջին մազից
Եվ աստղերով խոսեմ սրբազնաշուրթ:

Ես քեզ ինչպե՞ս կորցրի,
Որ ինձ… էլ չգտա...

 

Սովորական մի օր 

Մի օր ես ու մարմինս
տնից ելանք`
ես` նոր մարմին,
նա` նոր հոգի որոնելու:
Երբ ետդարձին
խելակորույս հանդիպեցինք,
պարզվեց` էլի
տուն ենք դառնում...
իրա'ր գրկած...

 ….

Երջանկության լաստս գերանաթափ
մնաց անհայտության ծովախորշում,
ավազներն եմ մաշում հիմա տառապանքի.
համրանք չունեն արդեն
դառն ումպերը կենաց,
բոսորահամ օրերն արդեն համրանք չունեն:

Սերս հավք էր անուշ,
սրինգներով զուգեց շուրթերն իմ երազի,
չզլացավ վերջում երեք խնձոր նետել,
սակայն կտրեց-տարավ ինձ ապրեցնող
երակները վերջին`
հայացքներն իմ հավատավոր:

Կյանքս բան չէր երևելի.
կավիս փշրանքներն իսկ 
չհաշտվեցին միմյանց, 
բայց դե սովորական պատմություն է հավերժ:
Համրանք չունեն արդեն
անուրջներս թոշնած,
դառն ումպերս կենաց արդեն... համրանք չունեն:

 

«Կարծականեղավմեզայսկյանքը» 
Ար. Լաստիվերցի
......................................................
Կյանքս պահեր է խլում ժամանակի աչքերից՝
Առագաստներ պարզելով անդարձության հովերին,
Թիապարտի լռությամբ բախտս հանձնած ալիքին՝ 
Մտքով, թե չենք լինելու, ի՜նչ ասես չեմ դարմանում:

 

Ջուրը խղճի պես ցավոտ փշրվում է ափերին՝
Մեր ապրածը անցյալի խեցիներում թողնելու, 
Եվ ճաշակում եմ անհագ այն մանանան շուրթերիս,
Որ անխարխափ տանում է դեպի դուռը հայտնության:

 

Որ ժամանակն էլ շրջեմ մանանեխի հատիկով,
Պատվիրանաց գրերով իջնեմ նոյյա՛ն լեռներից,
Ուղտի նման սողոսկեմ անցքով հազա՜ր ասեղի,
Պահերս պահ տամ դարձյալ ժամանակի թեւերին:

 

ՀՐԱՇԱԼԻՏԻԿՆՈՋԸ

Լույսը մեղրի՜ նման ծորում Աստծո երկիր,
Հետո հազար վրձնով օրն է ոսկեզօծում,
Հանգչող հմայքները հովի խաղին տված` 
Մեր փողոցով դարձյալ մի տիկին է անցնում:

Թռչուններ են թևում զգեստի հառաչանքից,
Իսկ մատներից ծառե՝ հուշի տերեւաթափ,
Կենաց երամներն են փախչում այն երկնքից,
Որ մեղա է գալիս ու ինքն իրեն հերքում:

Խորշոմների խորքում հազա՜ր ու մի երազ`
Մեր փողոցով, հրա՜շք, նույն տիկինն է անցնում,
Եվ մազերի ձյունից տարիները պոկված
Փետուրներ են հագնում ու… վարսերիս գալիս:

...Մենությունդ սիրեմ, դու էգուցն ես հուշում,
Կյանքի խաշամ չկա թեեւ ոտքիս առաջ,
Դու հալվում ես հեռվում, ի՛մ ուսերն են ցնցվում,
Եվ Աստծո լույսն ասես դառնանում է մի քիչ...

 

Մորս...

Երբ երկինքն է կախում
շղարշներն իր աստղե, 
Հուշի թռչուններն են
հատիկ-հատիկ գալիս...
Կտուցներին լուսե
ափսոսանքի վարդեր,
Փետուրների խորքում`
մղկիտն անցավորաց:

 

Մի նշա՜ն տուր, մարե՛,
թռչնահանդե՞ս է սա,
ցավի համանվա՞գ,
թե՞ կարոտն է կտցում
բաց աչքերը հոգուս`
որպես եղջերվամիս.
մի նշան տուր՝ գտնեմ
գեթ հաշտության հնար:

 

…Թե տիրաբար եկաք,
Հևիկ-հևիկ թռեք,
Աչքերիցս տարեք
Այս Հարդագողն աղե
և օրերի ջղուտ
տագնապների փոշին,
որ հաշտություն խաղամ,
մինչև հաջորդ գիշեր,

 

Երբ երկինքը կախի
շղարշներն իր աստղե,
հուշի թռչունները 
հատիկ-հատիկ ինձ գան`
կտուցներին լուսե
ափսոսանքի վարդեր,
փետուրների խորքում`
մղկիտն անցավորաց…

 

Ո՜նց բան չիմացա…

 

Ծառս շարժվում է:
Հավք է մոլորվել ճյուղերի ցավում.
թե հեքիաթից է՝ յոթ սարի հետև, 
թե իմ հարահոս կենսաջրերից, 
եկել-խրվել է խնձորենուս մեջ,
և թպրտոցի ամեն ջղություն
մի-մի հեքիաթ է գետի մեջ նետում: 
Չքնաղ հավք է մի՝ համր ու երգեցիկ, 
ուսերիս նրա թևերն են երգում, 
ճանկերը նրբին հոսում են դեպի բիբերս, հոգիս, 
և արյան տեղակ ի՜նչ կակաչներ են ինձանից հորդում: 
Ո՜նց եմ սպասում գիշերակեսին՝
պահը որսալու այն եռափետուր, 
որ չի ճաշակել աղահար վերքով ոչ մի ասացող: 
Ծառս շարժվում է:
Ինչպես եկել էր, այնպես էլ թռավ,
գնաց, որ գտնի այն խնձորները իմ երազանքի. 
թե հեքիաթից էր՝ յոթ սարից անդին,
թե կենսածովից իմ հարահոսուն: 
Էլ բա՜ն չիմացա...

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ  ՀԱՎԵՐԺԱՊԱՀ 

Մի հացուջուր կեցություն չի՞, ապրենք գնանք.
Ո՛չ կյանքը մեզ, ո՛չ մենք կյանքին պարտք չմնանք:

Պերճախոսենք «բառն աշխարհ է» իմացությամբ,
Լռության մեջ խոհեմության ձա՜յնը որսանք:

Նետենք վիրապն ունայնության ստույգ դավին
Եվ ճաշակենք երազողի ոսկե գավից:

Սիրո դիմաց ծովն էլ ճեղքենք մովսեսաբար,
Ի հատուցում քմծիծաղի՝ ժպտանք երկա՜ր:

Խուլի դեմ կույր, կույրի դիմաց չհամրանանք,
Խղճի մուրճի արթնության դեմ գորգ չդառնանք:

Բախտի գավը դատարկելիս շատ չփութանք.
Օշարակի դառնադիրտից զգույշ մնանք:

Չմոլորվենք անհայտներում Երկնավորի՝
Եվ ոչ այլոց, մե՛ր իսկ դատից զարհուրելով:

Թե աններում, անհանդուրժող՝ ոչինչ չտանք,
Մարդկանց կյանքին չարախնդում չբռնանանք:

Չմոլանանք համառությամբ մի զրաջան.
Չի՜ լինելու հատուցումը ոսկեհունչ ժամ:

Զի չի փոխվի մեր բեմելուց ոչ մի արար,
Մեզ մեզանից չհալածենք խռովահար:

Խորհրդավո՜ր հավերժապահ ապրած՝ գնանք,
Ո՛չ կյանքը մեզ, ո՛չ մենք կյանքին պարտք չմնանք...

 

Ինձայսպեսօրհնեց

Դեռ չհնձած բերքի աղերսանքի նման
Սոսկ հայացքս փլվեց թղթիս մեկնած ձեռքին,
Ծանր է գրիչը այս իմ մատների համար,
Բայց մոր ահեղ ուժով՝ դեռ տանում եմ գրկիս…

Գուցե այսպես հուշվեց բախտիս Ասացողից՝
Ցամաքին ձուկ լինեմ, իսկ ջրերում՝ թռչուն,
Որ իր ձայնին հլու՝ ես վեր թռչեմ քնից
Եվ դռնից ներս թողնեմ անտուն մտքերի չուն:

Ես ընկա ու ելա անփորձությամբ մանկան,
Բայց ելնելի՛ս ընկա. այդպես ե՞րբ չի եղել,
Եվ որ չխենթանամ վերուվարից այսքան,
Դեռ պատրաստ եմ նույնիսկ այս թեւերը պոկել…

Բայց քա՛րշ կտամ ինձ հետ իմ մարմինը հանգած՝
Բարձրացնելու լեռն այն, որտեղից չեն ողբում, 
Ինձ մատնացույց կանեն որպես կույր համրացած,
Եվ կլքեն վերքս հարալեզներն անգամ:

Էլ չեմ թռչի, գիտեմ, ես ինչ ասես տեսա,
Ոտքիս երեր հողը ինձնից խլեց դարեր.
Ես ո՜ր վիհից ասես ինքս չբարձրացա,
Բայց գրի՛չս գրկած ինձ կտանի վերեւ…

 

Կարդացվել է 378 անգամ
Գնահատել նյութը
(8 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Նվաճումներ` ԱՅԲ հիմնադրամի

Յուրաքանչյուր տարի տարբեր առարկաներից «ԱՅԲ» կրթական

Մանրամասն

Սեմինար-դասընթաց` «Բոլոնյան

Վանաձորի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնը

Մանրամասն

«Աշխատանքային իրավունք»

Հունիսի 20-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական

Մանրամասն

«Նախադպրոցական տարիքի

Հունիսի 19-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց

Մանրամասն

Պրակտիկա՝ հաճելի հուշերով

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի երկրորդ

Մանրամասն

«ՎՊՀ-ն ոչ միայն կրթօջախ է,

Վանաձորի պետական համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

Հունիսի 12-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ

Մանրամասն

Վախճանվել է գրականագետ,

ՎՊՀ-ի աշխատակազմը և ուսանողությունը ցավակցում են անվանի

Մանրամասն

Արխիվ

« Հունիս 2017 »
Եկ Եք Չր Հգ Ուբ Շբ Կր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30