поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հարգելի՛ ուսանողներ

Տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի 2.1,  2.4 և 2.5 կետերի, կարող եք դիմել Վանաձորի պետական համալսարան՝ պետության կողմից  ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու.

«2.1. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով»:

«2.4. Բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով 1-ին կուրս ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ ընդունելության մրցութային քննությունների արդյունքում համապատասխան միավորի շեմը հաղթահարելու դեպքում ուսանողական նպաստները տրվում են ըստ սույն կարգի 2.1-ին կետի սահմանված չափերի և 2.3-րդ կետի սահմանված ընթացակարգով:

Ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների համապատասխան միավորի (մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ միջին որակավորման գնահատականի) նվազագույն շեմերը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

2.5. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողների հետևյալ խմբերին՝

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

2) անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով»:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվում է ընտանիքների անապահովության սահմանային միավոր, համաձայն որի` 2018 թվականի ընտանիքների անապահովության սահմանային միավորի մեծությունը 30.00 միավոր է /հիմք` ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի «2018 թվականի  ընտանեկան  նպաստի,  սոցիալական նպաստի, հրատապ օգնության նպաստների չափերը սահմանելու մասին» թիվ 61-Ն որոշում/:

Դիմումները հիմնավորող փաստաթղթերով կարող եք ներկայացնել համալսարանի ընդհանուր բաժին մինչև ս/թ սեպտեմբերի 25-ը: Հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան մասնագիտության դեկանատ կամ ուսումնամեթոդական վարչություն:    

Back to top