поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնը կազմավորվել է 1969թ.: Պատմության ֆակուլտետի փակման պատճառով 1977թ. ամբիոնը միացվել է ԽՄԿԿ պատմության և գիտական կոմունիզմի ամբիոնին: 1990թ. պատմության ամբիոնը վերաբացվել է: Գործունեության ընթացքում պատմության ամբիոնը ղեկավարել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանցը /1969-1970/, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Հովնանյանը /1970-1975/, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սասունիկ Վիրաբյանը /1990/, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կարախանյանը /1990-1993/, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը /1993-2010/, իսկ 2010թ. փետրվարից մինչ օրս` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը:

Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են ականավոր գիտնականներ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Համբարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վ. Հակոբյանը, Լ. Խաչերյանը, Ստ. Ստեփանյանը: Ամբիոնի հետ գիտա-մանկավարժական կապեր են պահպանել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վլ. Բարխուդարյանը, Հ. Ավետիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գ. Գեղամյանը, Գ. Պետրոսյանը, Է. Մինասյանը, Հ. Հարությունյանը, Հ. Աբրահամյանը, Ռ. Նահապետյանը և ուրիշներ:

Ամբիոնում այսօր աշխատում են գիտական ներուժ, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ. ամբիոնի 14 դասախոսներից 2-ը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են, 1-ը` դոկտոր, 11-ը` պատմական գիտությունների թեկնածուներ, որից  8-ը` դոցենտներ:

2011թ. հոկտեմբերին ամբիոնը ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, պատմության և արևելագիտության ինստիտուտների հետ համատեղ կազմակերպել է գիտաժողով՝ նվիրված 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 90-ամյակին: 2012թ. ամբիոնը կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ «Համաշխարհային պատմության արդի հիմնահարցերը» թեմայով: 2014թ. ապրիլին ամբիոնը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացրել է «Հայաստանը և Եվրասիական ինտեգրումը» միջազգային համաժողով: Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային, միջբուհական և հանրապետական գիտաժողովների, իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ պատմության հիմնահարցերի վերաբերյալ, ղեկավարում են ուսանողական գիտական աշխատանքներ:

Ամբիոնը երկար տարիներ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի պատմամշակութային հուշարձանները» թեմայի շրջանակներում: Ամբիոնի աշխատակիցներն անհրաժեշտ աշխատանքներ են տանում մարզի պատմական հուշարձանների փաստացի վիճակի ուսումնասիրման ուղղությամբ, որոնց մասին տվյալները ներկայացնում են համապատասխան պատկան մարմիններին: Ներկայումս ամբիոնը գիտական ուսումնասիրություններ է իրականացնում «Հայոց և համաշխարհային արդի հիմնախնդիրները» թեմայով:

Ամբիոնի դասախոսները շուրջ 200 գիտական հոդվածների, 20-ից ավելի մենագրությունների և ձեռնարկների հեղինակ են: Վերջին տարիներին ամբիոնի դասախոսների հրատարակած մոտ մեկ տասնյակ մենագրություններից հատկապես արժեքավոր են Ֆ. Վ. Մովսիսյանի «19-րդ դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը», «Մասոնները և ամերիկյան հեղափոխությունը», Յու. Վ. Ղուլյանի «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից, 1918-1920 թվականներ», Գ. Լ. Եթիմյանի «Հայաստանի մշակույթը 1945-1990 թվականներին», Մ. Ա. Բրուտյանի «Կ.Պոլսի հայկական և հունական համայնքները 15-18-րդ դարերում», Ա. Տ. Մելիքյանի «Սալմաստի ժայռաքանդակը» մենագրությունները:

Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվող գիտական հոդվածների բովանդակությունը բազմաբնույթ է: Ուսումնասիրությունները վերաբերում են XVIII-XIX դարերի եվրոպական և ամերիկյան հեղափոխություններին, ազգային, ազատագրական պայքարին և դրա վերաբերյալ հայ հասարակական մտքի գնահատականին, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայաստանի` հարևան երկրների հետ ունեցած սահմանային խնդիրներին, հայ-ադրբեջանական, հայ-հունական հարաբերություններին, գիտության և մշակույթի զարգացմանը, հայ պարբերական մամուլին, քաղաքական հոսանքների ու կազմակերպությունների պատմությանը, Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, դպրոցում պատմության դասավանդման մեթոդներին:

Ամբիոնի կողմից բակալավրի կրթական ծրագրով դասավանդվող առարկաների թիվն անցնում է 40-ից, իսկ մագիստրոսական ծրագրով դասավանդվող դասընթացների թիվը հասնում է շուրջ 20-ի: Պատմության բաժնի բակալավրիատում և մագիստրատուրայում ամբիոնն իրականացնում է պատմագիտական մի շարք առարկաների ծրագրերի մշակում և դասավանդում` «ԽՍՀՄ առաջնորդներ», «Մասոնների պատմություն», «Մերձավորարևելյան արդի հիմնախնդիրները», «Հայկական գաղթօջախների պատմություն», «Ժամանակակից Սփյուռք», «ԽՍՀՄ փլուզումը և ԱՊՀ կազմավորումը», «Գունավոր հեղափոխություններ», «Արդի միջազգային քաղաքական կազմակերպությունները» և այլն:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2015-2018ԹԹ.

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Back to top