поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ մանկավարժության ամբիոնի ծնունդը համընկնում է բուհի ծննդյան տարեթվին (1969 թ.): Այն հիմնադրվել է ժամանակի հայտնի գիտնական-մանկավարժների եռանդի և ջանքերի շնորհիվ: Ամբիոնի կայացմանը մեծ է Գ. Հարությունյանի (մ.գ.դ., պրոֆեսոր), Ա. Իգնատյանի (մ.գ.թ., դոցենտ), Խ. Աղաջանյանի (մ.գ.թ., պրոֆեսոր),Հ. Բադալյանի (մ.գ.թ., դոցենտ) և այլոց կատարած աշխատանքը:

1978թ. ամբիոնը տրոհվել է, ու նրան զուգահեռ բացվել է տարրական կրթության    մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնը, որը ղեկավարել են Խաչատուր Արմենակի Աղաջանյանը (մ.գ.թ., պրոֆեսոր, 1978-83թթ.), Գարեգին Երվանդի Ղույումչյանը (մ.գ.թ., դոցենտ, 1983-2002թթ.): Նրանք մեծ ներդրում են ունեցել այդ ամբիոնի կայացման և զարգացման գործում:

2003 թվին ամբիոնները նորից վերամիավորվեցին և ստեղծվեց մանկավարժության ամբիոնը:

Ամբիոնում աշխատում է 12 դասախոս, որոնցից մեկը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, 11-ը՝ գիտությունների թեկնածու: Նրանցից 6-ը՝ դոցենտ են:

2015 թ. ամբիոնի հայցորդ է ձևակերպվել Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Գագիկ Էմինյանը, իսկ 2016 թ.՝ Նառա Շահնազարյանը և Հասմիկ Խաչատրյանը:

Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետների առկա և հեռակա բաժիններին:

Ամբիոնի դասախոսների կողմից մշակվել են նոր դասընթացներ, որոնք համապատասխանում են բարձրագույն կրթությանը ներկայացվող ժամանակակից կրթական չափորոշիչներին: Ամբիոնում դասավանդվում է շուրջ 70 առարկա:  Ամբիոնի դասախոսների գիտական հետազոտություների շրջանակը բազմաբնույթ է և ընդգրկում է մանկավարժական գիտության  տարբեր ոլորտներ:

Մանկավարժության ամբիոնի հետազոտությունների գիտական ուղղություններն են.

  • հայ դպրոցի և մանկավարժական մտքի առաջացման և զարգացման պատմություն,
  • սովորողների դաստիարակության և ուսուցման կատարելագործման հիմնահարցերն արդի ժամանակաշրջանում:

Ամբիոնում գործում է 3 գիտական խումբ՝ գիտահետազոտական աշխատանքները բարելավելու նպատակով:

Ամբիոնի դասախոսները պարբերաբար ղեկավարում են ՈւԳԸ-ի աշխատանքներ, որոնցից շատերը խրախուսվել են պատվոգրերով, ավարտական աշխատանքներ, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց գիտական բարձր մակարդակով: Ամբիոնը, որպես առաջատար կազմակերպություն, գրախոսում է դոկտորական և  թեկնածուական ատենախոսություններ:

Մանկավարժության ամբիոնը սերտ կապեր ունի ԵՊՀ-ի մանկավարժության և ԵՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնների հետ: Ամբիոնի վարիչ մ.գ.դ., պրոֆեսոր Պ. Հ. Գևորգյանը ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն է:

Ամբիոնը համագործակցում է Վանաձորի և Լոռու մարզի դպրոցների հետ: Ուսուցման և դաստիարակության գործընթացի, նոր տեխնոլոգիաների ներդրման  վերաբերյալ պարբերաբար դասախոսություններ  են կարդացվում ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար:

Ավանդական միջոցառումների շարքում կարևորվում են դպրոցի շրջանավարտների հետ կազմակերպվող հանդիպումները (ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառում, հուշ-երեկոներ, տարբեր թեմաներով ցերեկույթներ և այլն):  Իր գոյության 47 տարիների ընթացքում, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, ամբիոնում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքն են մեթոդական ձեռնարկները, մենագրությունները, շուրջ 530 գիտական հոդվածները: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցել են համալսարանի և հանրապետական  տարբեր գիտաժողովների:

Ամբիոնում մշտապես գործում է տեսամեթոդական սեմինարը:

2003 թ. ստեղծվել է հոգեբանության և մանկավարժության կաբինետ: Այն կահավորված է ժամանակակից սարքավորումներով և ունի հարուստ մասնագիտական գրականություն, որը հնարավորություն է տալիս ուսանողին էլ ավելի հարստացնելու իր մասնագիտական գիտելիքները: 

Ամբիոնի վարիչ`       Պ.Հ.Գևորգյան 

24.01.2017թ.

Back to top