поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը ստեղծվել է 1990թ.-ին` առանձնանալով մանկավարժության և հոգեբանության ամբիոնից: Իր հիմնադրման օրվանից մինչև այժմ ղեկավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ.Ա.Ավագիմյանը:

Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին: Բուհում բակալավրիատի և մագիստրոսական նոր մասնագիտությունների բացման հետ կապված` ամբիոնի դասախոսների կողմից մշակվել են բավականին մեծ քանակությամբ նոր դասընթացներ, որոնք համապատասխանում են այդ բաժիններին ներկայացվող արդի պահանջներին: Ամբիոնում դասավանդվում են 60-ից ավելի առարկաներ, գլխավորապես հետևյալ մասնագիտությունների գծով` «Հոգեբանություն», «Մանկավարժություն և սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխատանք»:

Դասախոսների հետազոտություների շրջանակը բավականին լայն է և ընդգրկում է տարբեր ոլորտներ: Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոսները գիտական ուսումնասիրություններ են կատարում դասախոսի մանկավարժական գործունեության հոգեբանական պրոբլեմների, կոնֆլիկտային իրադրություններում հաղորդակցման առանձնահատկությունների, ռիսկի խմբերի դեռահասների դևիանտ վարքի ախտորոշման և հոգեշտկման, ընտանեկան կոնֆլիկտների էթնոհոգեբանական և սոցիալ-տնտեսական պատճառների, կրտսեր տարիքի երեխաների հոգեբանական շեղումների վաղ ախտորոշման, ուսանողների հոգեբանական անվտանգության և այլ խնդիրների շուրջ:

Ամբիոնի դասախոսները պարբերաբար ղեկավարում են ՈւԳԸ-ի աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, որոնք արժանանում են տարաբնույթ խրախուսանքների, բարձր գնահատականների: Ամբիոնը` որպես առաջատար կազմակերպություն, պարբերաբար կարծիքներ է հայտնում թեկնածուական ատենախոսությունների վերաբերյալ: Բուհ-դպրոց կապի շրջանակներում ակտիվորեն հոգեբանական օգնություն է ցուցաբերվում Վանաձորի և մարզի դպրոցներին: Ամբիոնի դասախոսները ուսուցման և դաստիարակության գործընթացներին վերաբերող արդիական տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդում Վանաձորի և մարզի ուսուցիչների համար, ինչպես նաև մասնակցում են Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատահոգեբանական փորձաքննություններին: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակված են գիտական 100-ից ավելի հոդվածներ, որոնք նվիրված են հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներին:

2003 թ. ամբիոնին կից ստեղծվել է հոգեբանության և մանկավարժության կաբինետ, որը կահավորված է ժամանակակից սարքավորումներով, և այնտեղ կարելի է ծանոթանալ ժամանակակից հոգեբանական գրականության հետ: Ամբիոնին կից ստեղծվել է  հոգեբանական-խորհրդատվական կենտրոն,որի հիմնական նպատակը ուսանողներին և աշխատակիցներին հոգեբանական աջակցություն և օգնություն ցուցաբերելն է:

Ամբիոնը սերտ մասնագիտական կապեր ունի ԵՊՀ-ի Ընդհանուր հոգեբանության, ԵՊՄՀ-ի Հոգեբանության տեսության և պատմության, Տարիքային և մանկավարժական հոգեբանության, Զարգացման և կիրառական հոգեբանության, ԳՊՄԻ-ի Հոգեբանության ամբիոնների հետ, որը գլխավորապես դրսևորվում է ամբիոնի դասախոսների մասնագիտական կատարելագործման և փորձի փոխանակման մեջ:

Ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման և համապատասխան հմտությունների ձևավորման նպատակով պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, թրեյնինգներ, հրավիրվում են հանրապետությունում ճանաչված, փորձառու մասնագետներ և հյուրեր, ովքեր իրենց մասնագիտական հմտությունները փորձում են փոխանցել երիտասարդներին:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2015-2018ԹԹ.

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Back to top