Վանաձորի պետական համալսարանում կայացավ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի հաշվետու միջոցառումը

Վանաձորի պետական համալսարանում կայացավ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի հաշվետու միջոցառումը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում հանդիսավորությամբ տեղի ունեցավ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի հաշվետու միջոցառումը, որին ներկա էին ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ և աշխատակիցներ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի հանրապետության և Վանաձորի պետական համալսարանի օրհներգերով:

Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով վերապատրաստման գործընթացի անհրաժեշտությունը մասնագիտական կարողությունների ամրապնդման ճանապարհին: Ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց վերապատրաստման դասընթացների մասնակիցներին՝ իրենց մասնագիտական վերապատրաստումը Վանաձորի պետական համալսարանին վստահելու համար:

Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված վերապատրաստումներն ու վերապատրաստման դասընթացների մասնակիցների ցուցաբերած արդյունքները:

Վանաձորի պետական համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստումների շրջանակներում լավագույն համագործակցության համար հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին, վերապատրաստումն իրականացրած դասախոսներին, վերապատրաստման աշխատանքների կազմակերպմանն աջակցած աշխատակիցներին շնորհակալագրեր և հավաստագրեր հանձնեց ռեկտոր Ռուստամ Սահակյանը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին վերապատրաստման դասընթացի վկայականներ հանձնեց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր  Լուսինե Կոստանդյանը:

Իրենց երախտիքի խոսքը հղեցին նաև վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ բարձր գնահատելով կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից իրականացված արդյունավետ աշխատանքը:

Միջոցառումը գեղարվեստական կատարումներով զարդարեց «Ադելաս» պարային համույթը:

Միջոցառման ավարտին հնչեցին շնորհավորանքներ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:  

Previous Article
Next Article